National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.11.2019
Կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության շարունակությունը
1 / 9

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին` դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին Ազգային Ժողովում` հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարեւորել է Հայաստան- Եվրամիություն գործընկերության շարունակականությունը եւ արձանագրել, որ այս տարի վերսկսվել են 2015-ից ընդհատված` Եվրոպական հանձնաժողովի համագործակցության Twinning գործիքով ԵՄ փորձի փոխառման ծրագրերը Հայաստանում, որոնց այս տարի առաջին անգամ մասնակցում է նաեւ ՀՀ Ազգային Ժողովը: Իսկ Եվրոպական hանձնաժողովի տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիքով (TAIEX) այս տարի հաստատվել է 20 ծրագիր, որոնցից 13-ը միտված են լինելու ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող մարմինների ներուժի զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի` արդեն իսկ ուժի մեջ մտած նորմերի կիրարկման ճանապարհային քարտեզը այս տարվա հունիսի 1-ին հաստատվել է ՀՀ վարչապետի կողմից եւ անմիջապես մտել է ուժի մեջ: Փաստաթուղթը ներառում է համաձայնագրի կիրարկմանն ուղղված մոտ 200 միջոցառում, որոնց շարքում առանձնապես կարեւորվել են այս տարի ընդունված` Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թ. ազգային ռազմավարությունն ու Դատաիրավական բարեփոխումների 2019-2024թ. ռազմավարությունը, ինչպես նաեւ` արդեն կառավարության հաստատմանը ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 գործողությունների ծրագիրը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ միայն կայուն օրենսդրական բազայի ստեղծման ու շարունակաբար տարվող կրթական միջոցառումների շնորհիվ է հնարավոր կոռուպցիայի դեմ պայքարում արդեն իսկ արձանագրված հաջողությունները դարձնել անդառնալի: Հանձնաժողովի անդամները կարեւորել են նաեւ ենթակառուցվածքների եւ էներգաարդյունավետ համակարգերի զարգացման, ինչպես նաեւ` կրթական բարեփոխումների շրջանակում ԵՄ հետ համագործակցությունը:

Պարոն Մերեդիթը իր հերթին վերահաստատել է Եվրամիության պատրաստակամությունը աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` հատկապես կարեւորելով բնապահպանական միջոցառումների, ոստիկանական բարեփոխումների եւ թվայնացման աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ` էներգաարդյունավետության բարձրացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Նա նաեւ կարեւորել է միջխորհրդարանական հարթակների` Եվրանեսթի եւ Խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի դերը երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ամրապնդման գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ հաջորդ հանդիպում հստակեցնել քննարկված բոլոր ուղղություններով համագործակցության նոր ծրագրերը եւ դրանց իրականացման գործիքակազմը:














ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am