Տպել
27.11.2019
Աշխատանքային քննարկում «Պետական գնումների համակարգի զարգացման ուղիները Հայաստանում» թեմայով
1 / 6

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել  աշխատանքային քննարկում՝ «Պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով:

Մասնակցել են ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործարարներ, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ շահագրգիռ անձինք:

Աշխատանքային քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունն Արտակ Մանուկյանը պայմանավորել է հոկտեմբերի 10-ին Կառավարության ընդունած որոշման վերաբերյալ  գործարարների հայտնած  մի շարք դժգոհություններով:

Գործադիրը պետական գնումների ոլորտում ներդնում է որակավորման ապահովման նոր ինստիտուտ, որը նախատեսում է բանկային երաշխիքի ապահովում? ներկայացրած գնային առաջարկի հարյուր տոկոսի չափով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը ներկայացրել է գնումների բնագավառում փոփոխություններ կատարելու Կառավարության ռազմավարությունը: Նրա խոսքով՝ նախքան որոշման կայացումը, հարցի վերաբերյալ եղել են հանրային քննարկումներ, որոնց արդյունքում կազմվել է ոլորտը կարգավորող ճանապարհային քարտեզը:

ՀՀ ԱԺ պատգամավորների կարծիքով՝ փոքր եւ միջին բիզնեսը հնարավորություն չի ունենա մասնակցելու գնման գործընթացներին, ինչի արդյունքում կշահեն միայն խոշորները, որոնք էլ ավելի հարստանալու հնարավորություն կստանան: Ըստ նրանց՝ պետք է այնպիսի լուծումներ գտնել, որոնք կբխեն բիզնեսի շահերից եւ կնպաստեն միջավայրի առողջացմանը:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները քննարկման մասնակիցներին հորդորել են ներկայացնել  իրենց առաջարկներն ու դիտողությունները: Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցելու  խնդիրների լուծմանը:

ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ քննարկումները կլինեն շարունակական: