Տպել
26.11.2019
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
1 / 3

Նոյեմբերի 26-ին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը,  անդամներ Մարիա Կարապետյանն ու Անի Սամսոնյանը հանդիպել են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարեւորել է կառույցի շրջանակում հայկական պատվիրակության բազմակողմ համագործակցությունը: ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծելով կառույցի դերը, նշել է, որ այն կարեւորագույն հարթակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Խոսելով մեր երկրում ընթացող բարեփոխումների մասին՝ պատգամավորն ընդգծել է մասնավորապես, կոռուպցիայի դեմ տարվող պայքարը:

Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է իր ղեկավարած կառույցի դիրքորոշումը եւ ընդգծել  խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացի առաջ մղման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ թեմաների շուրջ: