National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
25.02.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
26.11.2019
Ամփոփվել են ՍԾՏՀ ԽՎ 54-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները
1 / 6

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Անուշ Բեղլոյանն ու Արտակ Մանուկյանը նոյեմբերի 26-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել նոյեմբերի 19-21-ին Սոֆիայում կայացած ՍԾՏՀ ԽՎ 54-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներից։

Բաբկեն Թունյանի հավաստմամբ՝ նստաշրջանի օրակարգն եղել է հագեցած, տարբեր հարցերի վերաբերյալ տեղի են ունեցել բուռն քննարկումներ։ ՍԾՏՀ ԽՎ մշտական կոմիտեի նիստում Բուլղարիայի եւ Ռումինիայի պատվիրակությունները երկու առաջարկություն են ներկայացրել, որոնք առնչվել են պատվիրակությունների թվակազմի փոփոխությանն ու քարտուղարության աշխատանքներին։ Հայկական կողմն առաջարկել է ձեռնպահ մնալ թվակազմի փոփոխությունից, ինչն ընդունվել է մյուս պատվիրակությունների կողմից։

Անդրադարձ է եղել նաեւ ՍԾՏՀ ԽՎ 53-րդ լիագումար նիստին, որը գումարվել էր Բաքվում։ Հայկական պատվիրակությունը չէր մասնակցել նիստի աշխատանքներին։ Ադրբեջանցի պատվիրակներն, ըստ բանախոսի, անթույլատրելի արտահայտություններ էին հնչեցրել Հայաստանի հասցեին։ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանգամանալի անդրադարձել էր այդ խնդրին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում։

 Հայկական պատվիրակությունը վերապահումով է հաստատել ՍԾՏՀ ԽՎ 53-րդ նիստի արձանագրությունը։ Նշվել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ն քաղաքական մանիպուլյացիաների հարթակ չէ։ Բաբկեն Թունյանը բարձր է գնահատել  պատվիրակության աշխատանքն ու փաստել, որ հայկական կողմը նոր ու թարմ շունչ է հաղորդել կառույցի գործունեությանը։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է հայկական պատվիրակության մեծածավալ եւ միասնական աշխատանքների կարեւորությունը։ Նա տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրել է մեր երկրի տնտեսական գրավչությունը, նոր ներդրումների հնարավորությունները, օրենսդրական դաշտի բարեփոխումներն ու քաղաքական զարգացումները։ Պատգամավորն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի փակ սահմանների առանձնահատկություններին, անընդունելի համարելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, ինչն, ըստ նրա, հակասում է միջազգային կառույցի տրամաբանությանն ու գաղափարախոսությանը։

Զեկույցներով հանդես է եկել նաեւ պատգամավոր Արտակ Մանուկյանը։ Նա նույնպես շեշտադրել է այն փաստը, որ ՍԾՏՀ ԽՎ-ն ոչ թե քաղաքական, այլ միջազգային տնտեսական մարմին է։ Պատգամավորն անդրադարձ է կատարել տնտեսական խնդիրներին, նշել, որ ՍԾՏՀ անդամ պետությունների վերջին տասը տարվա տնտեսական միջին աճը կազմում է 1,8 տոկոս, այն դեպքում՝ երբ աշխարհում միջին աճը կազմում է 2,5 տոկոս։ Ըստ նրա՝ 2020թ--ի համար ՍԾՏՀ ԽՎ բյուջեն շուրջ 1,8 միլիոն եվրո է- ՀՀ-ն վճարում է մոտ 66 հազար եվրո։ Կարեւոր է համարվել բյուջետային ծախսերի նպատակային լինելն ու արդյունավետությունն, ինչպես նաեւ հաշվետվողականությունը։

Բաբկեն Թունյանը նաեւ տեղեկացրել է, որ Անուշ Բեղլոյանն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ փոխնախագահ։ Անդամ բոլոր երկրների ստորագրությամբ հաստատվել է նրա թեկնածությունը։ «Այս հանգամանքը կազմակերպությունում Հայաստանի աճող դերի արտացոլումն է եւ թիմային աշխատանքի արդյունք է»,- ասել է ՍԾՏՀ ԽՎ նորընտիր փոխնախագահը։ Ըստ նրա՝  խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանն առաջին անգամ ղեկավար պաշտոն է զբաղեցնում միջխորհրդարանական կազմակերպությունում եւ դա Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության նվաճում է։

Բանախոսները պատասխանել են նաեւ ներկաների հարցերին։
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS