Տպել
26.11.2019
Քննարկվել են հաշվապահական հաշվառման եւ բանկային գաղտնիքի վերաբերյալ օրինագծեր
1 / 6

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյան նշել է, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները/ անվանումները:

 Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ 7-րդ գումարման երրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

 Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Հաշվապահական հաշվառման մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով սահմանվում են հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, ինչպես նաեւ փորձ է արվում կարգավորել հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ։

Օրինագծերի փաթեթը հանձնաժողովի առաջարկությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է հաշվետվություն՝ 2019թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ։ Ըստ նրա՝ Բյուջետային գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում ստացած 11 հարցումներին ի պատասխան՝ պատրաստել եւ ՀՀ ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին ու պատգամավորներին է տրամադրել 118 տեսակի տեղեկանքներ։

Մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել նոյեմբերի 29-ին հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Վարկային քաղաքականությունը եւ ֆինանսական գրագիտության խնդիրները Հայաստանում» թեմայով։