National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.11.2019
Մուտքի արտոնագրերի ազատականացում Չինաստանի եւ Հայաստանի միջեւ
1 / 7

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբերի 25-ին հրավիրած  նիստում Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ քննարկել է «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի  նախագիծը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշել է, որ վերջին տարիներին Չինաստանի հետ Հայաստանի հարաբերություններում զարգացման առաջընթաց է գրանցվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում: Ըստ նրա՝ մուտքի արտոնագրերի ազատականացումը մեծ դեր կունենա երկու երկրների միջեւ առկա կապերն ավելի խորացնելու հարցում:

Համաձայնագրի վավերացման դեպքում թե՛ Հայաստանի եւ թե՛ Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչեւ 90 օր ժամկետով մուտքի դեպքում: Իսկ այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու եւ գտնվելու  մյուս  կողմի պետության տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում կամ աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ պետք է դիմեն նախապես՝ մուտքի արտոնագիր ստանալու համար:

Պետությունները նաեւ պարտավորվում են արագ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել «առանց վիզայի ռեժիմը» չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար:

Փոխնախարարը նշել է, որ 2019թ. հունվար-հոկտեմբեր  ամիսների ընթացքում  մեր երկիր է այցելել շուրջ 14.500 Չինաստանի քաղաքացի: Նա նաեւ տեղեկացրել է, որ  համաձայնագրի դրույթները չեն տարածվում Հոնկոնգ եւ Մակաո այցելող Հայաստանի քաղաքացիների վրա:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանի խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի, ֆինանսների, արդարադատության նախարարությունները եւ Պետական գույքի կառավարման կոմիտեն նպատակահարմար են համարում համաձայնագրի վավերացումը՝ փաստելով, որ այն չի առաջացնի պետական բյուջեի ծախսերի, օրենքի  փոփոխություններ: Համաձայնագրի դրույթները չեն հակասում ՀՀ գործող օրենքներին:

Նիստին ներկա պատգամավորները կարեւորել են փաստաթղթի վավերացումը՝ նշելով, որ այն կնպաստի մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը:

Համաձայնագիրը դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Սինգապուրի հետ միջխորհրդարանական կապերի զարգացումը կարեւորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սինգապուր կատարած իր այցի ընթացքում եւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ հանդիպման ժամանակ:

«Սինգապուրի խորհրդարանում արդեն ձեւավորվել է Սինգապուր-Հայաստան բարեկամական խումբ»,-նշել է Ռուբեն Ռուբինյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am