Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Ողջունելով Անդրեա Վիկտորինին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող տարատեսակ ծրագրերը, ինչպես նաեւ ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման վերաբերյալ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին: Այս համատեքստում Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ընթացող բարեփոխումներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, քաղաքական, մամուլի ու տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան: