ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Գայանե Աբրահամյանը նոյեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ է ներկայացրել Չեխիա, Ուկրաինա եւ Շվեդիա կատարած այցերի վերաբերյալ:
Պատգամավորը նշել է, որ հոկտեմբերի 13-ից 15-ը մասնակցել է Պրահայում կայացած «Ֆորում 2000» հայտնի համաժողովին, որը նվիրված էր Չեխիայում իրականացված հեղափոխության 30 ամյակին: Գայանե Աբրահամյանի գնահատմամբ՝ համաժողովը տարբեր հարցեր քննարկելու լավ հարթակ է: Նա նշել է, որ մեծ կարեւորություն է տրվել Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը, որդեգրած արժեքներին ու բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների կամքին: Համաժողովի ընթացքում պատգամավորը ներկայացրել է մեր երկրում իրականացված հեղափոխության արդյունքները, հետհեղափոխական շրջանը, մեդիայում առկա խնդիրները:
Այցի շրջանակում Գայանե Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Սենատի առաջին փոխխոսնակ Միլուշե Հորսկայի, ինչպես նաեւ Սենատի նախագահի տեղակալ Միլան Շտեխի հետ: Անդրադարձ է կատարվել Պատգամավորնեի պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւի՝ Սենատի կողմից հաստատման հարցին: Չեխ գործընկերները նշել են, որ հարցը աշխատանքային օրակարգերում է: Բանախոսի խոսքով՝ մտքեր են փոխանակել Չեխիայում իրականացված անցումային արդարադատությանը, կիրառված լյուստրացիային, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերի շուրջ:
Պատգամավորների պալատի փոխխոսնակ Վոյտեխ Պիկալի հետ հանդիպման ժամանակ Գայանե Աբրահամյանը բարձրացրել է Չեխիայի կառավարության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, որի առնչությամբ չեխական կողմը հավաստիացրել է, որ խստորեն կվերահսկվի, որ երբեւէ նման գործընթաց տեղի չունենա: Պատգամավորը տեղեկացրել է, որ Ադրբեջանը հսկայական ներդրումներ է իրականացնում այդ երկրում: Նա նաեւ նշել է, որ 2018-ին Չեխիայի հետ Հայաստանի տնտեսական հարաբերություններն ակտիվացել են, ներկրումները կրկնապատկվել են:
Հոկտեմբերի 29-ից 30-ը Գայանե Աբրահամյանը, որպես Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, մասնակցել է կառույցի բյուրոյի նիստին: Հաջողվել է Հայաստանի համար ոչ ձեռնտու որոշ գործընթացներ կանխարգելել: «Ուկրաինական եւ ադրբեջանական պատվիրակությունները փորձում էին առաջ մղել առանձին Անվտանգության հանձնաժողով ունենալու գաղափարը: Դա մեզ ձեռնտու չէ, ստեղծելու էին մի հարթակ, որը հատկապես ուկրաինական կողմի եւ ադրբեջանական կողմի տարածքային ամբողջականության ընդհանուր շահը առաջ մղելու հիմնական հարթակն էր դառնալու: Կարողացել ենք չեղարկել այդ գաղափարը»,- նշել է պատգամավորը հավելելով, որ վստահ չի, որ դեկտեմբերին հարցն օրակարգ չի բերվի. այս պահին վտանգը չեզոքացվել է:
Նոյեմբերի 4-ից 6-ը Գայանե Աբրահամյանը Շվեդիայում մասնակցել է Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովին: Այնտեղ նախատեսված է եղել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ելույթը, որին, ըստ օրակարգի, պետք է հաջորդեր հարցուպատասխան: Գայանե Աբրահամյանը պատրաստվել է որոշ հարցեր հղելու նրան, սակայն հարցեր տալու հնարավորությունը հանվել է:
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 15-ի նիստում Ազգային ժողովը շարունակել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ ու առաջարկներ են ներկայացրել պատգամավորները, արտահերթ ելույթներ են ունեցել Կառավարության ներկայացուցիչները: ՀՀ բարձր տեխնոլոգ...
Խորհրդարան են այցելել մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը: Հա...