Տպել
14.11.2019
Ազգային ժողովում հյուրընկալվել են մի շարք մարզերի դպրոցների աշակերտներ
1 / 20

Նոյեմբերի 14-ին «Բաց դաս»-ի շրջանակում ՀՀ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մի շարք մարզերի  դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ:

Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Նա կարեւորել է որակյալ կրթություն ունենալը եւ նշել, որ կրթված մարդն ավելի հեշտ է հաղթահարում ցանկացած դժվարություն: «Դժվարությամբ ձեռք բերված հաղթանակների բերկրանքն ավելի մեծ է»,- ասել է պատգամավորը:

Հարցուպատասխանի ձեւաչափով ընթացող հանդիպման ընթացքում Ռուստամ Բաքոյանը պատասխանել է աշակերտների հնչեցրած` կրթական համակարգին, դպրոցների հիմնանորոգմանը, Հայաստանում ընթացող բարեփոխումներին վերաբերող հարցերին: Անդրադառնալով մեր երկրում իրականացված Թավշյա հեղափոխությանն ու իրականացվող ժողովրդավարական գործընթացներին՝ պատգամավորը նշել է, որ Հայաստանը աշխարհի ամենաժողովրդավարական երկրների ցանկում է:

Աշակերտները հետաքրքրվել են  օրենսդիր մարմնի գործառույթներով, ինչպես նաեւ  պատգամավորի գործունեությամբ: Ռուստամ Բաքոյանը պատրաստակամություն է հայտնել այցելելու դպրոց եւ նախանշված հարցերի վերաբերյալ անցկացնել «Բաց դաս»:

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում օրենսդիր մարմին են այցելել նաեւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության Շիրակի մարզի ներկայացուցիչները եւ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։

«Բաց դաս»-երը վարել են ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը եւ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։

Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է 2020թ--ի պետական բյուջեի նախագծին, ներկայացրել նախագծի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը։ Նրա համոզմամբ՝ ընթացիկ տարվա բյուջեն աննախադեպ է հարկերի հավաքագրման տեսանկյունից, ինչը հնարավորություն է տվել գալիք տարվա երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում ներառել բարձր եկամուտներ եւ ծախսեր։ Կարեւոր է համարվել կենսաթոշակների եւ աշխատավարձերի նախատեսվող բարձրացումը։

Անդրադառնալով օրենդրական բարեփոխումներին՝ նա ընդգծել է Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի առաջիկայում նախատեսվող փոփոխությունների եւ նոր Քրեական օրենսգրքի մշակման կարեւորությունը։ «Օրենսդրական բարեփոխումները միտված են գործարարության գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։ Նա դպրոցականներին խորհուրդ է տվել երբեք չփոխել սեփական արժեհամակարգը եւ լինել սկզբունքային։

Վարազդատ Կարապետյանն աշակերտներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, մշտական եւ ժամանակավոր քննիչ հանձնաժողովների գործառույթները, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը։ Նա անդրադարձ է կատարել բնապահպանական հարցերին, կարեւորել խմելու ջրի եւ օդի մաքրության պահպանումը, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ Եվրամիության հետ իրականացվում է ծրագիր, որով փորձ է արվում նվազեցնել եւ կանխել շահագործվող հանքերի պատճառած բնապահպանական վնասները։ «Ձեր ապագան կապված է օդի եւ ջրի մաքրության պահպանման հետ»,- ասել է մշտական հանձնաժողովի նախագահը։

Խորհրդարան այցելած հյուրերը ԱԺ նիստերի  դահլիճի օթյակից հետեւել են հերթական նիստի աշխատանքներին, ԱԺ թանգարանում ծանոթացել օրենսդիր իշխանության պատմությանը։