National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
14.11.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
14.11.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ելույթը «Բեռլինի Պատ 30 - մասնատված քաղաքից դեպի ազատությունների քաղաք» համաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մասնակցել է նոյեմբերի 7-ից 11-ը Բեռլինում կայացած «Բեռլինի Պատ 30-մասնատված քաղաքից դեպի ազատությունների քաղաք» համաժողովին: ԱԺ փոխնախագահն իր ելույթում ասել է.

«Կա ինչ որ մի բան, որ չի սիրում պատ...»

Տիկնայք եւ պարոնայք,

շատ ուրախ եմ, որ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ՝ միացել եմ այս պատմական իրադարձությանը՝ Բեռլինյան պատի անկման 30 ամյակին:

Շնորհակալություն եմ հայտնում Մշակութային դիվանագիտության ակադեմիայի ներկայացուցիչներին՝ հրավերի, ինչպես նաեւ այս համաժողովին ելույթ ունենալու հնարավորության համար:

Ես բարձր պետական պաշտոն եմ զբաղեցնում Հայաստանում, բայց այսօր չեմ խոսի միայն որպես պետական պաշտոնյա: Այլ կխոսեմ նաեւ որպես 2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասնակից, որն այլ կերպ հայտնի է որպես Սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Կխոսեմ որպես ակտիվիստ, ով իր ներդրումն ունեցավ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում: Կխոսեմ որպես մարդ, ով դեռ մանուկ հասակում բավական ազդվել է Բեռլինյան պատի անկումից: Կխոսեմ որպես մեկը, ով ավելի ուշ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, միացավ բոլոր նրանց շարքերին, ովքեր շարժման մեջ դրեցին գլոբալ ավտորիտարիզմի կառուցվածքը ճեղքող անիվները:

Մեկ տարի առաջ՝ 2018թ.-ի աշնանը, հայ ժողովուրդը որոշեց է՛լ ավելի առաջ տանել հեղափոխական ալիքները եւ սկսեց պայքարել համակարգային կոռուպցիայի դեմ մեր երկրում: Հայ ժողովուրդը վճռական էր իր որոշման մեջ՝ «տեղահանել Հայաստանի նախորդ կիսաավտորիտար վարչակազմի կողմից կառուցված բարձր աշտարակի աղյուսները»:

Եվ որպես առաջնային քայլ սահմանվեց նոր եւ ազատ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը Հայաստանում: Նոր խորհրդարանի ձեւավորումից հետո մենք՝ Հայաստանի նոր կառավարության եւ այլ ժողովրդավարական ինստիտուտների հետ համատեղ, ձեռնամուխ եղանք նոր բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ նախորդ վարչակազմի կողմից ստեղծված խոչընդոտների վերացմանը:

Իմ խոր համոզմամբ՝ այս համատեղ ջանքերն ավելի ընդարձակ ենթատեքստի մաս են կազմում, մեր նախաձեռնությունները շարունակական են եւ համահունչ են այն տրամաբանությանը, որ սկսել են բեռլինցիները եւ նախկին Արեւելյան բլոկի ու Խորհրդային երկրների հասարակությունները գրեթե երեք տասնամյակ առաջ:

Ճակատագրի հեգնանքով Բեռլինյան պատը, որը բաժանման ցուցադրական խորհրդանիշ էր, այսօր դարձել է միավորում խորհրդանշող հիշողություն՝ ընդդեմ երկաթյա վարագույրների, ընդդեմ վախի, ընդդեմ քաղաքական հալածանքների:

Բեռլինյան պատը մեր բոլորի համար բարիկադների թե՛ այս եւ թե՛ այն կողմում գտնվող մարդկանց համար հիշողություն է այն մասին, որ պատը պա՛տ է, որ պատը կարող է բաժանել ընտանիքներ, որ պատը կարող է ներսը դարձնել դուրս, որ այն կարող է տարբերակված լինելու մեր կեղծ պատկերացումները, ուրիշության մասին մեր թյուր ընկալումները դարձնել սովորական մարդկանց առօրյա կանոնավոր կյանքի իրականություն:

Այդկերպ, այն ինչ որ մենք այսօր նշում ենք, միայն միջազգային եւ ներքին քաղաքականության խնդիր չէ: Այս իրադարձությունը փոխեց Եվրոպայի քաղաքական քարտեզը եւ նշանավորեց ժողովրդավարության վերածնունդն ամբողջ մայրցամաքում: Այսօր մենք նաեւ նշում ենք մի իրադարձություն, որը կրկին միավորեց ընտանիքներ, մարդկանց հաղորդեց շարժունակություն /մոբիլություն/, ազատության եւ համերաշխության զգացողություն:

Այսօր մենք մեծարում ենք մի իրադարձություն, որը, ըստ իս, ամբողջությամբ ընդգծում է, թե ինչ է նշանակում լինել մարդ, ապրել որպես մարդ եւ գործել որպես մարդ: Ներկան, որում մենք ապրում ենք, կարող է ավելի պայծառ թվալ, քան այն անցյալը, որը մենք ունեցել ենք: Բայց դա անցյալ է, որը երբեք չպետք է մոռանալ: Ձեռքբերման ուրախությունը մեզ չպետք է դարձնի կույր անցյալի հանգամանքների նկատմամբ, որոնք երբեւէ՝ դեռեւս 1961թ.-ին, հնարավոր դարձրին ստանալու բազմաթիվ բացասական հետեւանքներ՝ քաղաքի երկայնքով անցնող պատի պատճառով:

Այսօրվա միջոցառումն ընդգծում է նաեւ անցյալից դասեր քաղելու կարեւորությունը: Մենք պետք է մտածենք քաղաքական պայմանների եւ քաղաքական մտածողության մասին, որոնք թույլ տվեցին ատելությունը հասցնել այդպիսի մասշտաբների: Մենք պետք է պարզենք դրանց պատճառները եւ վերլուծենք այն ծանր հետեւանքները, որոնք հետեւում են բոլոր նմանատիպ որոշումներին:

Այդ իսկ պատճառով, շատ կարեւոր է, որպեսզի մենք հանձնառություն ստանձնենք՝ չթողնել ոչ մի աղյուս աղյուսի վրա, երբ խոսքը վերաբերում է այն պատերի քանդման մասին, որոնք մեզ մասնատում են կամ այն պատերի քանդման մասին, որոնք խարխլում են ժողովրդավարությունը:

1989թ.-ը բուռն տարի էր: Գարնան վերջին եւ ամռան սկզբին, երբ Հունգարիայի բնակիչները սկսեցին հեռացնել Հունգարիայի եւ Ավստրիայի միջեւ եղած սահմանային ցանկապատը, եւ երբ Բեռլինի բնակիչները նոյեմբերին քանդում էին իրենց ամոթի պատը, Հայաստանի ժողովուրդը նույնպես, մեկ տարի շուտ, սկսեց վիճարկել Խորհրդային ռեժիմի կողմից մեր վրա դրված սահմանները: Հայ ժողովրդի նպատակն էր օրինական գործիքակազմի միջոցով եւ խաղաղ ճանապարհով հաղթահարել հայկական երկու հատվածների միջեւ ճեղքումը, որոնք բնակվում էին բուն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում: Այդ օրերին, երբ Բեռլինում տապալվեց սառը պատերազմի ժամանակաշրջանի ամենացայտուն խորհրդանիշը, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, անում էին ամեն հնարավորը, որպեսզի ճնշեն այդ ժողովրդավարական զարգացումները:

Նրանք շրջափակեցին Հայաստանը, ինչպես նաեւ Լաչինի միջանցքը՝ միակ ուղին, որը կապում էր Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Դա սրեց իրավիճակը, եւ տարածաշրջանում սկիզբ առավ մեծ մասշտաբների ռազմական դիմակայություն:

Երեք տասնամյակ անց հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված:

Թեեւ Լաչինի միջանցքի շրջափակումը հանվեց, բայց առ այսօր Հայաստանի սահմաններն Ադրբեջանի հետ, հետեւապես նաեւ Թուրքիայի հետ շարունակում են մնալ փակ:

Այս կիսասառեցված հակամարտության ուրվականը, մինչեւ վերջերս, հանդիսանում էր շատ կարեւոր ետին պլանային գործոն, արդյունավետ գործիք՝ Հայաստանում եւ Ադրբեջանում, որտեղ իրավիճակն անփոփոխ է, ժողովրդավարական նկրտումները ճնշելու, մարդու իրավունքների խախտումներ իրականացնելու եւ դրանք արդարացնելու, բարեփոխումների եւ փոփոխությունների ժողովրդական պահանջներն անուշադրության մատնելու, եւ որ ամենակարեւորն է՝ տեղի կիսաավտորիտար ռեժիմների դիրքերի ամրությունը պահպանելու համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երկար տարիների ընթացքում ստեղծել է հսկայական խոչընդոտներ այս տարածաշրջանում սահուն երկարաժամկետ ժողովրդավարության անցման եւ կայուն բարգավաճման համար:

Դառը հաբերը, որոնք Գերմանիայի եւ իմ ժողովուրդը պետք է կուլ տային, նույնը չէին; Այնուամենայնիվ, երկու փորձություններ էլ ցույց են տալիս, որ չկա այնպիսի ավտորիտարիզմ, որը կարող է հասնել հաջողության՝ փորձելով մարդկանց ընդմիշտ պառակտել: Չկան այնպիսի պատեր, ինչպես նաեւ շրջափակումներ կամ բարիկադներ, շղթաներ կամ զսպաշապիկներ, որոնք հավիտյան են:

Եվ իսկապես, ավտորիտար ռեժիմների բնույթն այնպիսին է, որ նրանք պետք է մտցնեն սահմանափակումներ եւ սերմանեն անհանդուրժողականություն: Իրենց բնույթով ավտորիտար ռեժիմները պետք է նկարեն երկաթյա վարագույրներ եւ կառուցեն պողպատե կամ ծանր բետոնե պարիսպներ: Իրենց բնույթով ավտորիտար ռեժիմները պետք է մարդկանց պարտադրեն մտքի եւ գործողությունների անշարժություն:

Բայց միեւնույն ժամանակ մարդկային ոգու բնույթն այնպիսին է, որ կգտնի ազատագրման դարպասներ: Այդ իսկ պատճառով, մենք չպետք է աչք փակենք մարդու այս հիմնական հատկության վրա: Փոխարենը, մենք պետք է կյանք հաղորդենք այդպիսի ձգտումներին, մենք պետք է մարմին հաղորդենք այդպիսի պահանջներին, ինչպես նաեւ խրախուսենք ազատ մտքի, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու համերաշխության արժեքները՝ լինի դա մեր երկրի ներսում, թե արտաքին աշխարհում:

Անխուսափելի է, որ երկաթյա վարագույրները մի օր կվերանան: Անխուսափելի է նաեւ այն, որ մի գեղեցիկ օր ավտորիտարիզմի պատերը նույնպես կփլուզվեն: Բայց նրանք նաեւ անջնջելի հետք են թողնում մեր հիշողություններում: Նրանք միշտ թողնում են իրենց հետեւից վնասի հետքեր՝ անհավասարություն եւ անտագոնիզմ:

Կարեւոր է ընդգծել, որ ցանկացած պատի ֆիզիկական քանդումն առաջացնում է դատարկություն, որը հարատեւ է դարձնում իր անտեսանելի ներկայությունը՝ պառակտման ներկայությունը մեր գլուխներում եւ մեր կյանքերում:

Բեռլինի պատը խորհրդանշում էր ցավը, տարանջատումը, բռնաճնշումները եւ անտագոնիզմը: 30 տարի առաջ դրա քանդումը հույս եւ հավատ էր ներշնչում, որ մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին: Շատ բան է փոխվել, բայց նաեւ գաղտնիք չէ, որ տարանջատումը, որը բաժանում էր Արեւելքն Արեւմուտքից ամբողջությամբ չի հաղթահարվել:

Անտեսանելի բաժանարար պատերը շարունակում են ծածուկ կերպով ապրել նույնիսկ այն հասարակությունների ներսում, որոնք ունեն կայացած ժողովրդավարության բազմամյա ավանդույթներ: Տագնապալի է այն փաստը, որ Եվրոպայում նկատվում են հակաժողովրդավարական ուժերի աճ:

Նրանց սեպառատիստական եւ բաժանարարության հռետորաբանությունը նպատակ ունի գտնել ճանապարհներ՝ վերականգնելու համար Եվրոպայի՝ արեւմուտք-արեւելք ճեղքումը:

Մենք պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք այդպիսի զարգացումների վրա եւ դրանք դիտարկենք որպես սթափության կոչ: Ժողովրդավարության այս նոր մարտահրավերները Բեռլինյան պատի անկման 30-ամյակին տալիս են նոր նշանակություն:

Այս տարելիցը պետք է ոգեշնչի մեզ շարունակելու մեր ծնողների գործը, բայց ավելի նրբանկատ եւ ավելի մեծ զգայունությամբ՝ գոյություն ունեցող անտեսանելի պատերի նկատմամբ: Դա պահանջում է խիզախություն, ինչպես նաեւ համբերություն եւ հետեւողականություն: Այդպիսով, առաջին հերթին մենք կկարողանանք հայտնաբերել անտեսանելի պատերը եւ հետո նոր միայն քայլեր ձեռնարկել դրանք քանդելու ուղղությամբ: Իսկապես, այսօր մեր խնդիրն է՝ քանդել այդպիսի խոչընդոտները եւ խրախուսել հավասարությունը եւ համերաշխությունը:

Մենք հիշում եւ հասկանում ենք, որ ֆիզիկական պատերը դրանք սովորաբար անտեսանելի պատերի արդյունքն են: Բայց մենք պետք է նաեւ հասկանանք, որ անտեսանելի պատերի քանդումը, այնպես ինչպես ժողովրդական ազատագրական ցանկացած ուրիշ այլ հեղափոխություն, պահանջում է հարատեւ նվիրվածություն եւ անդադար ջանք: Երբ ժողովրդական հեղափոխությանը պակասում են շարունակականությունը եւ բարեփոխումները, այն իր տեղը զիջում է քաղաքական բաժանումներին եւ նոր՝ տեսանելի եւ անտեսանելի պատերի կառուցմանը:

Այդ խոչընդոտները ես դիտարկում եմ որպես մեր պատմության չար խոցեր: Նրանք արմատական բուժման կարիք ունեն, որին մենք կարող ենք հասնել մեր՝ մշակութային, տնտեսական, քաղաքական եւ հասարակական կապերի ինտենսիվ փոխանակման եւ ամրապնդման ճանապարհով:

Մեր ծնողների սերնդի շնորհիվ Բեռլինյան պատն այլեւս գոյություն չունի: Հիմա մեր հերթն է՝ հաղթահարելու համար արեւելքի եւ արեւմուտքի միջեւ գոյություն ունեցող անդունդն՝ ավելի անվտանգ եւ երջանիկ աշխարհ կառուցելու համար:

Այսօր՝ Բեռլինյան պատմի անկումից 30 տարի անց, ժողովրդավարությունն ավելի քան երբեւէ եռանդուն նվիրյալների կարիք ունի: Ես հավատում եմ, որ մենք՝ այստեղ հավաքվածներս, ունենք ընդհանուր պարտավորություն: Ես հավատում եմ, որ մենք բոլորս ուզում ենք քանդել բոլոր իրական եւ երեւակայական պատերը, որոնք մեզ բաժանում են: Ես հավատում եմ, որ մենք բոլորս հավատարիմ ենք ամբողջ աշխարհում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տարածման ու ամրապնդման խնդրին:

Մենք պետք է կառուցենք սիրո եւ համերաշխության կամուրջներ, որպեսզի պատերի եւ ինժեներական խոչընդոտների կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերի պակաս զգանք:

Ռոբերտ Ֆրոստն իր հայտնի՝ «Պատի նորոգումը» բանաստեղծության առաջին տողերում գրում է. «Կա ինչ որ մի բան, որը չի սիրում պատ»: Ռոբերտ Ֆրոստը չի հստակեցնում «ինչ որ բան հասկացությունը» եւ անորոշ է մնում, թե ով կամ ինչը չի սիրում պատ: Ես շատ կցանկանայի հավատալ, որ այդ «ինչ որ բանը» Մարդկությունն է»:

  
  
 


14.11.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Դարիգա Նազարբաեւայի այցը նոր լ...

14.11.2019
Խորհրդարանը շարունակել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումը
Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել...

14.11.2019
Ազգային ժողովում հյուրընկալվել են մի շարք մարզերի դպրոցների աշակերտներ
Նոյեմբերի 14-ին «Բաց դաս»-ի շրջանակում ՀՀ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մի շարք մարզերի  դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ: Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նա կարեւորել է որակյալ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS