Տպել
11.11.2019
Քննարկվել են հայ-չեխական կապերին առնչվող հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանն ու խմբի անդամները նոյեմբերի 11-ին հանդիպել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկու հետ։

Հանդիպմանն ընդգծվել է հայ-չեխական հարաբերությունների զարգացման ու խորացման կարեւորությունը։

Հայկական կողմն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված  համաձայնագրի վավերացման առնչությամբ։ Նշվել է, որ այսուհետ երկկողմ տնտեսական եւ այլ ոլորտներում գործակցությունը կլինի առավել նպատակային եւ խորը։

Արտակարգ եւ լիազոր դեսպանի հավաստմամբ՝ Թավշյա հեղափոխությունից հետո նոր ու բարձր մակարդակի վրա են հայ-չեխական հարաբերությունները։ Կարեւորվել է համայնքների հետ համագործակցությունը. ներկայում Դիլիջան եւ Սեւան քաղաքների հետ իրականացվում են ծրագրեր։

Գայանե Աբրահամյանը նշել է, որ տնտեսության բնագավառում աննախադեպ առաջընթաց է գրանցվել, գրեթե կրկնապատկվել է ապրանքաշրջանառությունը, աճ կա նաեւ զբոսաշրջության բնագավառում։ Շեշտադրվել է այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է հանդիսանալ կամուրջ ԵԱՏՄ-ի եւ Եվրոպական միության միջեւ՝ տարբեր ոլորտներում գործակցության համար։ Նա նաեւ տեղեկացրել է, որ նախորդ ամիս եղել է Պրահայում, հանդիպումներ է ունեցել Չեխիայի Սենատի փոխնախագահներ Միլուշե Հորսկայի եւ Միլան Շտեխի հետ։

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւի՝ Սենատի կողմից հաստատման հարցը։ Նշվել է, որ հարցը աշխատանքային օրակարգերում է։

Կարեւոր է համարվել միջխորհրդարանական կապերի զարգացումը, արժեւորվել են բարեկամական խմբերի գործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը։

Պատգամավորները հյուրին տեղեկացրել են մեր երկրի դատաիրավական եւ այլ ոլորտներում ընթացող բարեփոխումների, իրականացվող մի շարք ծրագրերի մասին։

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։