Տպել
08.11.2019
Անդրանիկ նիստ է գումարել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը
1 / 1

Նոյեմբերի 8-ին անդրանիկ նիստ է գումարել ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:

Օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:

Հաստատվել է քննիչ հանձնաժողովի աշխատակարգը, ըստ որի, նիստերը կլինեն հրապարակային եւ իրավազոր, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Քննարկվել է նաեւ հանձնաժողովի քննության առարկա հանդիսացող հարցերի կապակցությամբ նախաքննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող գործերի առկայությունը պարզելու նպատակով հարցում ուղարկելու  մասին հարցը: Այդ նպատակով հանձնաժողովը կդիմի ՀՀ դատախազություն, ՊԵԿ եւ Հաշվեքննիչ պալատ: Քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ Հայաստանում կա 30 մետաղական հանքավայր եւ հանձնաժողովն իր աշխատանքները սկսելու է հանրային հնչեղություն ունեցող հարցերից:  Աշխատանքը բաժանվել է հատվածների. կուսումնասիրվեն Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի,  Թեղուտի,  Սոթքի եւ Մղարդի հանքավայրերի հետ կապված հարցերը: Սերգեյ Բագրատյանը վստահեցրել է, որ հանձնաժողովը կանի հնարավորը՝ հանրությանը հստակ արդյունք ներկայացնելու համար: