Տպել
08.11.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 7

Նոյեմբերի 8-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ու կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Նախաձեռնության ընդունման արդյունքում հնարավոր կլինի մեր երկրում պակասեցնել ծխախոտի սպառումը, պահպանել բնակչության առողջությունը` պաշտպանելով երկրորդային ծխի ազդեցությունից եւ նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշը: Հակածխախոտային օրենսդրության փոփոխությունը թույլ կտա կատարել ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի հիմնական պահանջները, որը վավերացված է Հայաստանի Հանրապետության կողմից:

Պատգամավորներն անդրադարձել են օրինագծի համապատասխանեցմանը ԵԱՏՄ պահանջներին:

Հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված դիտարկումները, առաջարկել է մշակել համապատասխան տեխնիկական կանոնակարգեր՝ ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի մի շարք դրույթների՝ ԵԱՏՄ պայմանագրին համապատասխանությունն ապահովելու համար:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ԵԱՏՄ շրջանակում առկա իրավական արգելքների հաղթահարման հնարավորությունները:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի՝ ԵԱՏՄ հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ միության անդամ պետությունների հետ համատեղ կառույցի ներքին շուկայում հայտնաբերվել է 56 խոչընդոտ, վերացվել է 37-ը: Նշվել է, որ մեր երկրում գործող իրավակարգավորումների հետեւանքով ԵԱՏՄ անդամ պետությունների շուկայում արգելքների եւ խոչընդոտների հանդիպում են ոչ միայն հայաստանյան տնտեսվարող սուբյեկտները, այլ նաեւ մյուս երկրների ներկայացուցիչները: Եվ այս համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը  ստացել է հանձնարարականներ՝ իրականացնելու կոնկրետ քայլեր՝ գործող իրավակարգավորումներում առկա արգելքները եւ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:  Ըստ Վարոս Սիմոնյանի՝ անհրաժեշտություն կլինի կատարել օրենսդրական փոփոխություններ:

Փոխնախարարը պատասխանել է նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին: