Տպել
08.11.2019
Քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022թթ-ի գործողությունների ծրագրի» նախագիծը
1 / 4

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Արման Եղոյանի նախագահությամբ նոյեմբերի 8-ին քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022թթ-ի գործողությունների ծրագրի» նախագիծը։ Մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով այս տարվա նոյեմբերին պետք է ընդունվի վերոնշյալ ռազմավարությունը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի հավաստմամբ՝ ռազմավարության մշակման եւ հաստատման անհրաժեշտությունը բխում է ընթացիկ տարվա փետրվարին ընդունված Կառավարության ծրագրից։ Ըստ նրա՝ նախնական բազմաթիվ հանրային քննարկումներ են տեղի ունեցել պատգամավորների, ՀԿ-ների ներկայացուցիչների, մարզային կառույցների ներկայացուցիչների հետ։

Գույքագրվել են ոլորտներում առկա խնդիրները, մշակվել առաջնահերթություններն ու մարտահրավերները։ Նշվել է, որ ռազմավարությունը կլինի 6տարվա կտրվածքով եւ բաղկացած է երկու եռամյա գործողությունների ծրագրից։ Ներկայում գործում է 2012թ-ի ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ռազմավարությունն, ինչն արդիական չէ եւ չի բխում մարդու իրավունքների շահերից։ Փոխնախարարի խոսքով՝ աշխարհում տեղի են ունենում շարունակական փոփոխություններ եւ ռազմավարությունը պետք է արձագանքի ժամանակակից մարտահրավերներին։ Քրիստինե Գրիգորյանի հավաստմամբ՝ փաստաթղթում ներառված սկզբունքները մարդակենտրոն եւ իրավունքահեն են։ Անդրադառնալով նորարարություններին՝ նա նշել է, որ նախատեսված համակարգող խորհրդի կազմում կընդգրկվեն նաեւ օրենսդիր մարմնի եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որը նպատակաուղղված կլինի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման ապահովմանը։ Այն հասանելի է լինելու նաեւ քաղաքացիներին։ Հարթակում կդրվեն հաշվետվություններ, զեկույցներ։

Պատգամավորները բարձրաձայնել են բազմաբնույթ հարցեր, որոնք առնչվել են երեխաների, կանանց նկատմամբ բռնություններին, սոցցանցերում ատելության խոսքին, դրա նվազեցմանը, կեղծ լուրերի տարածմանը, ոստիկան-քաղաքացի հարաբերություններին, կյանքի իրավունքին, հանդուրժողականությանը, հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների ոտնահարմանը եւ այլ խնդիրների։