Տպել
08.11.2019
Քննարկվել են ջրօգտագործողների ընկերություններին, ֆինանսական համահարթեցմանը, տարածքային կառավարմանն առնչվող նախագծեր
1 / 5

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ նոյեմբերի 8-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործող ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Ըստ հեղինակի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ջրօգտագործողների ընկերությունների ղեկավար կազմի մասնագիտական փորձառության, կառավարչական հմտությունների եւ կարողությունների համապատասխան մակարդակի օրենսդրական պահանջի ու կառավարչական ընդհանուր մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ։

ՋՕԸՄ-երի ՋՕԸ-երի գործադիր տնօրենների պաշտոններում ընտրվելու համար պարտադիր կլինի բարձրագույն կրթությունը, առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժը կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձը։

Կառավարությունը կողմ էր օրինագծի ընդունմանը։ Ընդգծվել է կիրթ ու մասնագիտական կարողությունների տեր անձանց բարձր պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու կարեւորությունը։

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նախագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։

Նախագծով փորձ է արվում հստակեցնել համայնքներին հատկացվող դոտացիաների չափերը։ Օրենքի ընդունման արդյունքում՝ 2020-2021թթ-ի-համահարթեցման դոտացիաները կհաշվարկվեն եւ կհատկացվեն 2016թվականին փաստացի հատկացված դոտացիաների չափով։

Հարակից խոսքում՝ Վարազդատ Կարապետյանը անհրաժեշտություն է համարել ոլորտը կարգավորող նոր օրենք ունենալը, ինչին կողմ է արտահայտվել կառավարության ներկայացուցիչը։

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել 5 օրենքների նախագծեր եւ փաթեթներ։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով։