National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.11.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 6

Նոյեմբերի 7-ին կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը:

Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն  քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, մասնակցելու, ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ՝ նախագծով  նաեւ առաջարկվում է սահմանել «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» (այդպիսի անձ կարող է համարվել, օրինակ, քրեական հեղինակությունը, «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը) հասկացությունները:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, կարեւորելով օրինագծերի փաթեթի անհրաժեշտությունը, նշել է, որ նմանօրինակ օրենք գործում է Վրաստանում եւ Ռուսաստանում: Հարեւան երկրի  քրեական օրենսգրքում վաղուց նախատեսվել է քրեական պատասխանատվություն «օրենքով գողերի» ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաեւ նման կարգավիճակ ունենալու համար: Պատգամավորը հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով նախագծի կարեւորությանը, նշել է, որ քրեական հեղինակություններին ինչ-ինչ հարցերով դիմելը բխել է իրավական համակարգի նկատմամբ տարիներ շարունակ ձեւավորված անվստահությունից: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մի շարք առաջարկներ:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կառավարության  հեղինակած մեկ այլ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է վերացնել մի շարք հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը:

ՀՀ արդարադատության նախարարի խոսքով՝ քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ եւ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հորդորել է հանձնաժողովին նախագծին տալ դրական եզրակացություն եւ ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է գործադրի ներկայացուցչի կողմից:

Առաջարկներով լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենսգրքում ամրագրել եւ արգելել սեռափոխվածների, նույն սեռի անձանց ամուսնության գրանցումը:

ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ նախագծի հիմքում ազգային ավանդույթների պահպանման խնդիրն է:

Պատգամավորները հետաքրքրվել են թե ու՞մ վրա է դրվելու ամուսնության գրանցման դիմում ներկայացրած անձանց սեռափոխված լինելը կամ չլինելը գնահատելու պարտականությունը, ինչպե՞ս են բացահայտելու դա, արդյո՞ք պետական գրանցում իրականացնող անձը բոլոր դիմում ներկայացրած անձանց պետք է դիտարկի որպես սեռը փոխած, կամ ո՞ր դեպքերում կամ ի՞նչ հանգամանքներից ելնելով կարող է ենթադրվել, որ դիմողի սեռը փոխված է եւ այլն:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է դեմ քվերարկել նախագծին՝ այն համարելով հակասահմանադրական:  Նա նշել է, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է՝ ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միջեւ միությունն է: Նա նաեւ նշել է, որ ներկայացված օրենսդրական նախագիծը թերի է իրավական կարգավորումների առումով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կշարունակվի նոյեմբերի 8-ին, ժամը՝ 10:00-ին: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am