Տպել
06.11.2019
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
1 / 7

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամները նոյեմբերի 5-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, քաղաքական, մամուլի ու տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան եւ համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան:

Հանձնաժողովի նախագահը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, ԵՄ երկրներ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի շուրջ բանակցությունների ընթացիկ արդյունքները: Արման Եղոյանը նաեւ խոսել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունից հետո իրականացվող ոլորտային բարեփոխումների բովանդակության ու նպատակների մասին:

ԵՄ դեսպանը հանձնաժողովին ներկայացրել է ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող մանրամասներ, անդրադարձել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ընթացակարգային նրբություններին, ինչպես նաեւ իր գոհունակությունը հայտնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացքի եւ կատարված աշխատանքի որակի մասին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերի, եւ ընդհանրապես, մեր երկրում Եվրամիության դերի եւ առաքելության մասին հանրության պատշաճ տեղեկացվածության անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում ներդրումային հնարավորությունների մասին իրազեկման, ինչպես նաեւ՝ տեղում ներդրողների հետ պատշաճ տեղեկատվական աշխատանք տանելու կարեւորությանը:

Հայ խորհրդարանականները կարեւոր են համարել ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող զանազան ծրագրերը եւ բարձր գնահատել ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու եւ խորացնելու երկխոսությունը քննարկված բոլոր ուղղություններով: