National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
05.03.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.11.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Նոյեմբերի 5-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանի տեղեկացմամբ՝ Կառավարության ներկայացրած բոլոր առաջարկներն ընդունվել են:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքումե լրացում կատարելու մասինե օրինագծին, որով առաջարկվում է օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»:

Նախագծի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ գործող իրավակարգավորման համաձայն՝ գործատուն բացատրություն կարող է պահանջել նաեւ բանավոր կերպով, հետեւաբար նշված փաստն ապացուցելու համար, որպես թույլատրելի ապացույց, կարող է հանդիսանալ ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր ապացույցը, օրինակ՝ վկայի ցուցմունքը: Օրենսդրական նման կարգավորումը, ըստ բանախոսի, հաճախ չարաշահումների տեղիք է տալիս եւ անորոշության պատճառ է հանդիսանում, ուստի առաջարկվում է սահմանել միայն գրավոր բացատրագրի պահանջը:

ՀՀ կառավարության հեղինակած «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է համապատասխան տեսչական մարմնին տալ սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու հնարավորություն:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերահսկողության լիազորությունը նախկինում իրականացվել է ԱՆ առողջապահության պետական տեսչության կողմից: Ներկայում վերահսկողական գործառույթը վերապահված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, սակայն   որեւէ օրենքով ամրագրված չէ սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորությունը: Հետեւաբար, առաջացել է նշված լիազորությունն օրենսդրորեն սահմանելու անհրաժեշտություն:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Դրական եզրակացություն է տրվել նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» նախագծին, որով առաջարկվում է նշյալ անձանց՝ որոնց թիվը 59 է,  ամբողջությամբ փոխհատուցել կոմունալ վճարները:

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի՝ մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ  59 բնակչի հաշվարկով՝ 8,496, 000 դրամ:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում աշխատանքի տեսչական համակարգը իր գործառույթներով համապատասխանեցնել ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշմամբ սահմանված լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացնում միայն աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ, որը ներառում է նաեւ մինչեւ 18 տարեկան անձանց, ինչպես նաեւ հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց եւ երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողությունը: Այսինքն, չի իրականացվում աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն եւ պետական վերահսկողությունից դուրս են մնում, մասնավորապես, աշխատանքային պայմանագրերի կնքման եւ լուծման կարգի պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման (չձեւակերպված աշխատող), սեռային հատկանիշով պայմանավորված խտրականության, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը:

Ըստ հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանի՝ ներկայացվող նախագծերով առաջարկվում է լրացնել վերոնշյալ բացը:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախագծերին հանձնաժողովում տրվել է բացասական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քվեարկությունը հետաձգվել է:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաեւ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենսդրական փաթեթը: Նպատակն է սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտի վնասակար հետեւանքներից, շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն է ներկայացվելու ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, ինչպես նաեւ հարցի առնչությամբ արվելու են մի շարք առաջարկություններ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS