Տպել
01.11.2019
Մերի Գալստյանը հանդիպել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է  «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ՝ վերջին օրերին կենդանաբանական այգում տեղի ունեցած կենդանիների անկման դեպքերը եւ դրանց պատճառները պարզաբանելու նպատակով:

Քննարկվել են այգու կառավարման հետ կապված  հարցեր, մասնավորապես, ինչպիսի իրավական եւ վերահսկողական մեխանիզմներ են անհրաժեշտ՝ կենդանիների բարեկեցությունը եւ անվտանգությունը պատշաճ ապահովելու համար:

Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին կենդանաբանական այգու տարածքում տեղի ունեցած թափառող շների հարձակման դեպքերին՝ տնօրենը նշել է, որ խնդիրները բազմակի են. այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայությունը, ինչի ուղղությամբ արդեն սկսվել են տարվել աշխատանքներ: Ըստ նրա՝ անհրաժեշտ է նաեւ վերանայել անազատության մեջ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:

ՀՀ ԱԺ պատգամավորը պատրաստակամություն է հայտնել նամակով դիմելու Երեւանի քաղաքապետին՝ այգում կենդանիների անվտանգության համար հսկողությունն ուժեղացնելու նպատակով:

Մերի Գալստյանը նշել է, որ կշարունակեն համատեղ աշխատել օրենսդրական կարգավորումների ուղղությամբ միտված՝ այգու կառավարման արդյունավետությունը բարելավվելուն եւ կենդանիների բարեկեցության պահանջները պատշաճ պահպանելուն: