Տպել
01.11.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի օգտագործման ընթացքին, հետագա հեռանկարներին եւ երկարաձգման հնարավորություններին վերաբերող հարցեր:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ներկայացնելով ՌԴ կողմից Հայաստանի ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի պատմությունը, նշել է, որ այն տրամադրվել է 2015 թվականին: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներգրավված 270 մլն դոլար վարկի եւ 30 մլն դոլար դրամաշնորհի նպատակն է եղել կայանի շահագործման ժամկետը երկարաձգել 10 տարով: Զեկուցողը հիշեցրել է, որ ատոմակայանի շահագործման նախագծային ժամկետը լրանում էր 2016 թվականին: Նշվել է, որ ատոմակայանի վերազինման աշխատանքները, ըստ կազմված գրաֆիկի, պետք է ավարտվեին 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին: Սակայն, Հակոբ Վարդանյանի խոսքով, որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այդ աշխատանքները չեն ավարտվել: Մասնավորապես նշվել է, որ  վերազինման աշխատանքների պլանավորման հարցում եղել են թերացումներ: «Վարկային եւ դրամաշնորհային միջոցներից մինչեւ տարեվերջ կօգտագործվի մինչեւ 200 մլն դոլարը, իսկ 100 մլն դոլարի աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա երկու տարիների ընթացքում: Քանի որ վարկի օգտագործման ժամկետը լրանում է այս տարվա վերջ, ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է ՌԴ ֆինանսների նախարարությանը՝ վարկի օգտագործման ժամկետը երկարացնելու մինչեւ 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ը»,- նշել է փոխնախարարը: Դրան զուգահեռ Կառավարությունը դիմել է վարկի մայր գումարի մարման գրաֆիկը երկու տարով երկարաձգելու համար:  Ըստ Հակոբ Վարդանյանի՝ ՀՀ ատոմակայանի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո, բացի շահագործման ժամկետի երկարաձգումից, նաեւ նախատեսվում է բարձրացնել կայանի արդյունավետությունը, ինչը լրացուցիչ մուտքեր կապահովի եւ կթեթեւացնի վարկի մարման բեռը:

Նախնական քննարկումների արդյունքում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել երկարացնելու օգտագործման ժամկետը, սակայն դեռ պատասխան չի տվել վարկի մարման գրաֆիկի հետաձգման վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը եւ հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղել փոխնախարարին եւ ոլորտի պատասխանատուներին. դրանք  վերաբերել են էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության հնարավորությանը, ատոմակայանի նոր ենթակայանի կառուցմանը, ռադիոակտիվ թափոնների տեղաբաշխման անվտանգությանը, վարկի տոկոսադրույքերի հաշվարկին եւ այլն:

Հայ խորհրդարանականները կարեւորել են նմանատիպ քննարկումների կազմակերպումը՝ ընդգծելով, որ դրանց ընթացքում հնարավոր է լինում  տեղեկանալ եւ քննարկել երկրի համար կարեւոր հարցեր: