Տպել
01.11.2019
Քննարկում խմբակցությունում
1 / 3

ՀՀ առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ:

Քննարկվել է Կառավարության հեղինակած  «Ծխախոտային  արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը:

Նախարարի տեղեկացմամբ՝ օրինագծով սահմանվում են  ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, նմանակների, իրացման շրջանառության եւ օգտագործման իրավական հիմքերը:  Ամրագրված են նաեւ առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովմանը,  փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջները: Հստակեցված է այն տարածքների շրջանակը, որտեղ արգելվում է ծխախոտի օգտագործումը:

Գործող օրենքի համեմատ  ընդլայնվել են ծխախոտի  օգտագործման, ցուցադրության, գովազդի, վաճառքի կարգավորումների մասով սահմանափակումները:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ գործադիրը նպատակ ունի ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտի ծխի բացասական ազդեցությունից եւ տարիների ընթացքում նվազեցնել ծխախոտի օգտագործումից առաջացող հիվանդությունների ցուցանիշը: Նախարարը կարեւոր է համարել նման քննարկումները: 
 
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ կան տարատեսակ կարծիքներ եւ քննարկման արդյունքում խմբակցության կողմից ձեւավորված առաջարկությունները կներկայացվեն նախարարությանը: