Տպել
29.10.2019
Քննարկվել են հայ-կորեական հարաբերություններին վերաբերող հարցեր
1 / 3

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոկ Պէին (նստավայրը` Մոսկվա):

Հանդիպմանը մասնակցել են  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր,  Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը եւ խմբի անդամ,  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:

Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ՝  ԱԺ փոխնախագահը վստահություն է  հայտնել, որ  դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-կորեական բարեկամական հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման գործում: Լենա Նազարյանը նշել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությանը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Կորեայի կառավարությունների կողմից 2018թ.-ին ստորագրված ներդրումների խրախուսմանը եւ փոխադարձ պաշտպանությանը վերաբերող համաձայնագիրը:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանում Կորեայի դեսպանության բացումն ու զբոսաշրջության զարգացումը: Նա տեղեկացրել է, որ նախորդ տարի մեր երկիր է այցելել շուրջ 7000 կորեացի զբոսաշրջիկ: Լենա Նազարյանը նշել է, որ Հայաստանը միակողմանիորեն Կորեայի քաղաքացիներին ազատել է  մուտքի արտոնագրի պահանջից, ինչն էլ կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջեւ կապերի սերտացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Կորեային՝ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հավասարակշռված դիրքորոշման համար:

Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է նաեւ մշակութային ոլորտում փոխգործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործում է կորեերենի կենտրոն:

ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամները կարեւորել են  միջխորհրդարանական հարաբերությունների  զարգացումն ու շփումների ակտիվացումը՝ նշելով, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ  առկա է համագործակցության մեծ ներուժ: Պատգամավորներն արժեւորել են Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի խորհրդարանում իրականացված  ծրագիրը՝ ըստ որի ԱԺ նիստերի դահլիճը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով:

Լի Սոկ Պէն  նշել է, որ Կորեան հետաքրքրված է Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում  համագործակցությամբ: Արտակարգ եւ լիազոր դեսպանը վստահեցրել է, որ կանի հնարավորը՝ նպաստելու տարբեր ձեւաչափերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը: