Տպել
29.10.2019
Լենա Նազարյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ
1 / 5

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը հանդիպել են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ քաղաքական եւ խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի գլխավորած պատվիրակության հետ:

Լենա Նազարյանը, ողջունելով հյուրին խորհրդարանում, ներկայացրել է անցած տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած փոփոխությունները, որոնք ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է 2018թ դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի արդյունքում ձեւավորվել է օրենսդիր մարմինը: Այս համատեքստում Լենա Նազարյանն ընդգծել է ՄԱԿ-ի աջակցությունն ընտրությունների նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու հարցում:

Ռոզմարի Դիկարլոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար հաճելի է լինել Հայաստանում, շնորհավորել է հայ ժողովրդին ժողովրդավարական հեղափոխություն իրականացնելու համար եւ հետաքրքրվել առաջիկայում սպասվող փոփոխություններից:

Որպես առաջնահերթություններ ընդգծվել են դատական համակարգի բարեփոխումները,  կոռուպցիայի դեմ տարվող պայքարը, հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, տնտեսական ուղղությունների զարգացումը:

Կարեւորելով կանանց դերի բարձրացումը հասարակական քաղաքական կյանքում՝ խորհրդարանի փոխնախագահը տեղեկացրել է, որ Հայաստանն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի անդամ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հրատապ հարցերի շուրջ:

Արման Եղոյանն ու Ռուբեն Ռուբինյանը շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների եւ հիմնարար ազատությունների մշտական ոտնահարման հետեւանքով առաջացած վեճ:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն  ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում եւ բացառապես խաղաղ ճանապարհով: