ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում:
Ազգային ժողովի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագրին օժանդակելու համար:
Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վստահեցրել է, որ կառույցը պատրաստակամ է օգնել խորհրդարանին հզորացնելու կարողություններն ու աջակցություն ցուցաբերել տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացված ռազմական գործողություններին: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվել է այդ գործողություններից տուժած 300.000 փախստականների ճակատագրերով եւ ՄԱԿ-ի ձեռնարկած քայլերով:
Շոմբի Շարփը նշել է, որ ՄԱԿ-ը հետեւում է Սիրիայի շուրջ զարգացումներին եւ որ վերջինս իր հիմնական մանդատի շրջանակներում պատրաստ է օժանդակելու ՀՀ կառավարությանը Հայաստան ժամանող փախստականներին միջազգային պաշտպանվածություն եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կողմերը կարեւորել են խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով լուծումը:
Խորհրդարանի փոխնախագահը հետաքրքրվել է Հայաստանի սահմանամերձ համայնքներում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերից:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ կառույցի զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը, մասնավորապես, Տավուշի մարզի գյուղական համայնքներին:
Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում, կողմերը ներկայացրել են ապագա համագործակցության իրենց տեսլականը: