ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Կոպեռնիկուս հիմնադրամի եվրոպական միության տարբեր երկրների փորձագետների եւ երիտասարդ գիտնականների հետ:
Քննարկվել են Հայաստանում կրոնի, խղճի ազատությանը եւ կրոնական կազմակերպություններին առնչվող հարցեր:
Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանում կրոնի, խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ այսօր մեր երկրում գրանցված է մոտ 60 կրոնական կազմակերպություն: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանում տոլերանտ վերաբերմունք կա բոլոր այն կրոնական կազմակերպությունների նկատմամբ, որոնք օրենքով գրանցված են:
Նաիրա Զոհրաբյանը խոսել է նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ, որը քննարկվում է ՀՀ կառավարությունում:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պատմականորեն 600-ամյա պետականություն չունենալու արդյունքում հայ եկեղեցին է եղել հայ ինքնության պահպանման կարեւորագույն առանցքը:
Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում հարգվում են կրոնական այն կազմակերպությունների իրավունքները, ովքեր չեն ցանկանում պարտադիր զինվորական ծառայություն կրել, մասնավորապես Եհովայի վկաները: «Մեր երկրում գործում է «Այլընտանքային ծառայության մասին» օրենքը, որը նրանց հնարավորություն է տալիս անցնելու այլընտրանքային ծառայության»,- նշել է հանձնաժողովի նախագահը:
Հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում կրոնի եւ խղճի ազատությանը, մեր երկրում այլ դավանանքներին, հանդուրժողականությանը: