Տպել
25.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մեծ ուշադրությամբ եւ ոգեւորությամբ հետեւում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին հատկապես դատաիրավական ոլորտում՝ այս ենթատեքստում ընդգծելով ԱԺ կարեւոր դերակատարությունը: Հորդորելով շարունակել բարեփոխումները՝ ԵԽ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կազմակերպության կողմից իրականացվող աջակցությունը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանը պատրաստ է լսել բոլորի կարծիքները, ընդգծել, որ սերտ համագործակցություն կա ԵԽ բոլոր կառույցների հետ, եւ Հայաստանը հաստատակամ է ավարտին հասցնել բարեփոխումները: Արարատ Միրզոյանն անդրադարձել է բարեփոխումներին խոչընդոտող հանգամանքներին, խոսել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ի պատասխան շեշտել է, որ Հայաստանը օրինակելի երկիր է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցության առումով:

Կողմերը քննարկել են Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը՝ անդրադարձ կատարելով նաեւ կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության կանխման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շեշտել է, որ, ելնելով իր երկրի փորձից, պատկերացնում է առկա բարդությունները եւ անթույլատրելի համարել բռնության դեմ պայքարը ներքաղաքական շահարկման առարկա դարձնելու փորձերը: