Տպել
23.10.2019
Հայ խորհրդարանականները մասնակցել են Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված միջոցառումներին
1 / 1

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ  Նարեկ Մկրտչյանը,  Ալեքսեյ Սանդիկովն ու Մաթեւոս Ասատրյանն ամփոփել են Ռուսաստանի Դաշնության  Դոնի-Ռոստով քաղաքում հոկտեմբերի 17-20-ն անցկացված՝ Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված միջոցառումների արդյունքները:

Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ պատվիրակությունը մասնակցել է Նոր Նախիջեւանի հայկական համայնքի ձեւավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին, ներկա գտնվել Մարտիրոս Սարյանի հիմնադրած թանգարանում կայացած՝ Հակին Ավանեսովի 1915թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության ներկայացմանը:

Այցի շրջանակում հայ խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել համայնքային կառույցների, տեղական իշխանությունների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Նարեկ Մկրտչյանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Դոնի-Ռոստովում թատերական բեմադրություններով հանդես կգան Հայաստանից մեկնած թատերախմբերը:

Պատգամավորը նշել է, որ հայ խորհրդարանականները եղել են նաեւ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող՝ Սուրբ Խաչ եկեղեցում, որը Դոնի Ռոստովում պահպանված ամենահին կառույցն է: Սուրբ Խաչ եկեղեցում են գտնվում հայ գրողներ՝ Ռաֆայել Պատկանյանի եւ Միքայել Նալբանդյանի շիրիմները: Նարեկ Մկրտչյանի հավաստմամբ՝ եկեղեցին վերանորոգման աշխատանքների կարիք ունի, որի համար կձեռնարկվեն համապատասխան  քայլեր:

Ըստ բանախոսի՝ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել նաեւ Դոնի-Ռոստովի հայ համայնքի երիտասարդների հետ:

Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների՝ լեզվի, կրթության եւ մշակույթի պահպանմանն առնչվող խնդիրներին: