National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
23.10.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 20

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը գրավոր առաջարկների ներկայացման փուլ տեղափոխելու մասինե որոշումը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, ՀՀ կառավարության հեղինակած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ՀՀ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Վարազդատ Կարապետյանը նշել է, որ օրենքով ամրագրված է լճից ջրի առավելագույն չափաքանակ՝ 170 մլն մ3: Սակայն, ըստ հիմնական զեկուցողի, 2012 թվականին օրենքում կատարված փոփոխությունից հետո գրեթե ամեն տարի ՀՀ կառավարությունը դիմել է խորհրդարանին? առավելագույն չափաքանակից ավելի ջրառ իրականացնելու պահանջով:

Հեղինակն առաջարկում է սահմանափակել Սեւանա լճից ավել ջրառի իրականացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը լճի մակարդակի իջեցման հետեւանքով, ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման շնորհիվ մեծացել է  քաղցրահամ լճի ճահճացման վտանգը եւ բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը:

Վարազդատ Կարապետյանի տեղեկացմամբ՝ ներկայում Սեւանի մակարդակը մոտ 5 սանտիմետրով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների՝ Արփա-Սեւան թունելի վթարված հատվածների վերանորոգմանը, ջրի բարձրացման հետեւանքով որոշ ենթակառուցվածքների տեղափոխման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին:

Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաեւ չնախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում Կառավարությունը ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր:

Հարակից զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը նշել է, որ Սեւանա լճից ջրառն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Նրա ներկայացմամբ՝ եղանակային պայմաններից ելնելով՝ խնդիրն ավելի է սրվում սակավաջուր եւ երաշտ տարիներին: Արարատյան դաշտի եւ հարակից նախալեռնային գոտիների ինտենսիվ գյուղատնտեսության տարածքներում հողագործության արդյունքը, ըստ բանախոսի, մեծապես պայմանավորված է ոռոգման ջրամատակարարումից: Ուստի, ջրառաջարկի նշված բաղադրիչներից բացի, այլ ջրաղբյուրներ չլինելու պայմաններում դեֆիցիտի մեղմման նպատակով Սեւանա լճից ջրառն իրականացվում է անկախ լճի տվյալ ժամանակաշրջանի հաշվեկշռից: Վարդան Մելքոնյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հիմնավորված չի համարում նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի խոսքով՝ նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում, լսել են կառավարության ներկայացուցչի, նախագծի հեղինակի դիրքորոշումներն ու պարզաբանումները, եւ տրվել է դրական եզրակացություն: Ըստ բանախոսի՝ Սեւանա լիճն իր եզակի կենսաբազմազանության եւ որպես խմելու ջրի բնական պաշար՝ ռազմավարական կարեւոր նշանակություն ունի: Մերի Գալստյանը նշել է, որ լճի արդյունավետ կառավարման ու օգտագործման առանցքում մշտապես պետք է դիտարկել Սեւանի էկոլոգիական հավասարակշռության պահպանման հույժ կարեւոր հանգամանքը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Պատգամավորները մտքեր են փոխանակել խնդրի կարեւորության, կառավարության չհիմնավորված դիրքորոշման, Սեւանա լիճն իբրեւ ջրային ռեսուրս չդիտարկելուն առնչվող հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արման Աբովյանը՝ նշելով, որ օրինագծով փորձ է արվում համակարգելու Սեւանա լճի հետ կապված խնդիրները: Նրա խոսքով՝ այսպիսի օրենսդրական նախաձեռնություններով պետք է ձեւավորել բնապահպանական եւ տնտեսական առումներով հաշվարկված համակարգ:

Եզրափակիչ ելույթում Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը պարզաբանումներ է ներկայացրել ջրային կորուստներին, ջրամբարաշինությանը, տեխնոլոգիական ռեսուրսներին, կաթիլային ոռոգմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», Կառավարության հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի՝ առաջարկվում է Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին համարել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ եւ մինչեւ 24 մլն շրջանառություն ունենալու պարագայում՝ ազատել հարկերից: Զեկուցողի տեղեկացմամբ՝ փոփոխությունը կվերաբերվի մոտ 1000 ձեռնարկատիրական սուբյեկտի:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, առաջարկել է կողմ քվեարկել նախագծի լրամշակված տարբերակին: Փոխնախարարի խոսքով՝ նախաձեռնության ընդունման դեպքում 2020 թվականի հունվարի 1-ից գործադիրը կընդլայնի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի կիրառության հնարավոր շրջանակը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Մանե Թանդիլյանը: Նա շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար, ապա հորդորել պատգամավորներին կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագիծը: Առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը  համապատասխանեցնելու նպատակով սահմանել առողջապահության բնագավառում սանիտարահամաճարակային վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող ախտահանիչ նյութերի պետական գրանցում իրականացնող լիազոր մարմին. կսահմանվեն նաեւ ցանկերը եւ գրանցման կարգը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը: Նա տեղեկացրել է, որ պատգամավորները ներկայացրել են գրավոր առաջարկներ, որոնք ընդունվել են:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 24-ին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:
 


29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարտի 29-ին՝ ժամը 13:00-ին, 214 սրահում տեղի կունենա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am