Տպել
23.10.2019
«Բաց դաս»-եր՝ խորհրդարանում
1 / 16

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 23-ին խորհրդարան են այցելել «Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։ Նրանք շրջել են շենքում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել հերթական նիստերի աշխատանքներին, թանգարանում ծանոթացել են օրենսդիր իշխանության պատմությանը։

«Բաց դասը» վարել են ԱԺ պատգամավորներ Վահագն Թեւոսյանն ու Արթուր Մանուկյանը։ Դպրոցականների հարցերն առնչվել են բուհ-աշխատաշուկա կապին, նորավարտ ուսանողների պարտադիր աշխատանքային փորձ ունենալուն, կրթության ոլորտի այլ խնդիրների։

Բանախոսները կարեւորել են նոր սերնդի կրթության եւ դաստիարակության գործում մանկավարժի դերն ու նշանակությունը։ Նշվել է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ուսուցչի մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ. առաջիկայում պարբերաբար կբարձրացվեն նրանց աշխատավարձերը։

Մի շարք նախարարությունների միավորման նպատակահարմարության հարցի առնչությամբ՝ Վահագն Թեւոսյանը նշել է, որ կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտն այն բնագավառներն են, որոնք պետք է համաժամանակյա զարգանան։

Նույն օրը խորհրդարան են այցելել «Հայաստանի ֆրանսիական քոլեջ» հիմնադրամի ուսանողներն ու դասախոսները։ «Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Թուրքական զորքերի Սիրիայի տարածք ներխուժելու հարցի առնչությամբ՝ պատմական ակնարկ կատարելով՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում՝ կատարվածը թուրքական խնդիր էր, իսկ, այն ինչ կատարվում է Սիրիայում՝ ունի բազմակողմ խորքային խնդիրներ։ Ըստ նրա՝ հակամարտությունում ներառված են տարածաշրջանային եւ գերտերություններ։

Արման Եղոյանը նշել է, որ ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ հաստատվել է հրադադար, ինչը կբացառի նոր կոտորածներ խաղաղ բնակչության շրջանում։ ԱԺ պատգամավորը նաեւ անդրադարձել է սիրիահայության խնդիրներին՝ կարեւորել հայրենիքում նրանց համար աշխատելու եւ ապրելու լավագույն պայմանների ապահովումը։

Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ Արման Եղոյանն ընդգծել է, որ կողմ է, որպեսզի հայոց լեզվի, գրականության եւ պատմության դասավանդումը բուհական համակարգում լինի կամավորության սկզբունքով։ Նա տեղեկացրել է, որ եվրոպական շատ երկրներում գործում է այդ սկզբունքը։ Ուսանողները կողմ են արտահայտվել դասավանդման պարտադիր բաղադրիչին։

Բանախոսը պատասխանել է ուսանողների այլ հարցերի։
 


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...