Տպել
22.10.2019
Պարզաբանումներ՝ Ազգային ժողովի կողմից քվեարկությամբ մերժված նախագծերի վերաբերյալ
1 / 4

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի ու Գեւորգ Պապոյանի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել եկամտային հարկին վերաբերող Ազգային ժողովի կողմից քվեարկությամբ մերժված նախագծերին:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքումե փոփոխություն կատարելու վերաբերյալ» օրինագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակների հիմնավորման համաձայն՝ գործող օրենսգրքով եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվում է միայն վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով:  Նման պայմանագրերով աշխատողների նկատմամբ չկա որեւէ տարբերակում` ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ:

Գլխադասային հանձնաժողովի նախագահն առաջարկվող փոփոխությունը համարում է խնդրահարույց՝  նաեւ գործնականում կիրառելու տեսանկյունից: Ըստ նրա՝ առաջարկությունը որեւէ ձեւով չի կարող նպաստել չգրանցված աշխատողների գրանցմանը: Բացի այդ, եթե քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողը խզում է պայմանագիրը, պետության համար խնդրահարույց է դառնալու եկամտահարկի վերադարձման հարցը:

Անդրադառնալով նույն խմբակցության հեղինակած մեկ այլ մերժված օրենսդրական նախաձեռնությանը՝ որով առաջարկվում է հանել Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման արժեքի 55 մլն դրամ սահմանափակումը, Բաբկեն Թունյանը նշել է, որ իրացման շրջանառության իրական ծավալները թաքցնելու երեւույթի դեմ պետք է պայքարել ոչ թե շեմը հանելու կամ բարձրացնելու միջոցով, այլ՝ հարկային վարչարարության գործիքակազմով՝ հաշվի առնելով այն, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հարկերի վճարումից խուսափելուն:

Պատգամավորները նաեւ նշել են, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած մի շարք նախագծեր ստացել են դրական եզրակացություններ տարբեր հանձնաժողովներում:

Բանախոսները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին: