Տպել
21.10.2019
Ամփոփվել են ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքները
1 / 2

Հոկտեմբերի 21-ին ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, անդամներ Գեւորգ Գորգիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ են ներկայացրել  հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում կայացած ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանի վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցել է բոլոր հանձնաժողովների նիստերին:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ` Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատասխանել է իր՝ ՆԱՏՕ-ի՝ ԼՂ հակամարտության արդար եւ երկարատեւ կարգավորմանը նպաստելու մասին հարցին: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ, եւ ՆԱՏՕ-ն մտահոգված է, որ չեն կարողացել գտնել քաղաքական եւ տեւական լուծում այդ հակամարտությանը: Կառույցի ղեկավարը նշել է, որ ակնհայտ է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակիորեն դերակատարում չունի, բայց իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` գտնելու քաղաքական լուծում:

Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ մասնակցել է Քաղաքացիական անվտանգության եւ Գիտության, տեխնոլոգիաների հանձնաժողովների նիստերին:

Բանախոսը նշել է, որ տարբեր թեմաներով զեկույցների ներկայացման ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը բազմիցս փորձել է բարձրացնել  Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Հայ պատվիրակները հակազդել են դրանց: Ըստ պատգամավորի՝ մեր պատվիրակությունը փոխել է այդ հարթակում աշխատելու մարտավարությունը. հայկական կողմը չի սահմանափակվում միայն պատասխանելով ադրբեջանական կողմի հայտարարություններին:

Վիկտոր Ենգիբարյանը մասնակցել է Քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստին, որի օրակարգում են եղել Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ  ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությանը, հարաբերություններին ու մարտահրավերներին, ինչպես նաեւ աֆրիկյան մայրցամաքում ՆԱՏՕ-ի գործողություններին վերաբերող եւ Իրանի հետ կապված հարցերը:

Վեհաժողովի գրեթե բոլոր հանձնաժողովներում անդրադարձ է կատարվել Սիրիայում օրերս Թուրքիայի կողմից ծավալած ռազմական գործողություններին: Թուրքիայի պատվիրակության անդամները պարզաբանել են, թե այնտեղ ահաբեկիչներ են, սակայն եվրոպական պատվիրակներին այդ պարզաբանումները չեն բավարարել:

Կարեւորվել են հաջորդ տարի Երեւանում անցկացվելիք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի՝ կանանց, խաղաղությանն ու անվտանգության ընդունման 20-ամյակին նվիրված միջոցառումները, որին հրավիրված է նաեւ ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Մադլեն Մունը:

ՆԱՏՕ ԽՎ հաջորդ նստաշրջանը տեղի կունենա Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: