Հոկտեմբերի 21-ին ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, անդամներ Գեւորգ Գորգիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ են ներկայացրել հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում կայացած ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանի վերաբերյալ:
Հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցել է բոլոր հանձնաժողովների նիստերին:
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ` Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատասխանել է իր՝ ՆԱՏՕ-ի՝ ԼՂ հակամարտության արդար եւ երկարատեւ կարգավորմանը նպաստելու մասին հարցին: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ, եւ ՆԱՏՕ-ն մտահոգված է, որ չեն կարողացել գտնել քաղաքական եւ տեւական լուծում այդ հակամարտությանը: Կառույցի ղեկավարը նշել է, որ ակնհայտ է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակիորեն դերակատարում չունի, բայց իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` գտնելու քաղաքական լուծում:
Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ մասնակցել է Քաղաքացիական անվտանգության եւ Գիտության, տեխնոլոգիաների հանձնաժողովների նիստերին:
Բանախոսը նշել է, որ տարբեր թեմաներով զեկույցների ներկայացման ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը բազմիցս փորձել է բարձրացնել Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Հայ պատվիրակները հակազդել են դրանց: Ըստ պատգամավորի՝ մեր պատվիրակությունը փոխել է այդ հարթակում աշխատելու մարտավարությունը. հայկական կողմը չի սահմանափակվում միայն պատասխանելով ադրբեջանական կողմի հայտարարություններին:
Վիկտոր Ենգիբարյանը մասնակցել է Քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստին, որի օրակարգում են եղել Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությանը, հարաբերություններին ու մարտահրավերներին, ինչպես նաեւ աֆրիկյան մայրցամաքում ՆԱՏՕ-ի գործողություններին վերաբերող եւ Իրանի հետ կապված հարցերը:
Վեհաժողովի գրեթե բոլոր հանձնաժողովներում անդրադարձ է կատարվել Սիրիայում օրերս Թուրքիայի կողմից ծավալած ռազմական գործողություններին: Թուրքիայի պատվիրակության անդամները պարզաբանել են, թե այնտեղ ահաբեկիչներ են, սակայն եվրոպական պատվիրակներին այդ պարզաբանումները չեն բավարարել:
Կարեւորվել են հաջորդ տարի Երեւանում անցկացվելիք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի՝ կանանց, խաղաղությանն ու անվտանգության ընդունման 20-ամյակին նվիրված միջոցառումները, որին հրավիրված է նաեւ ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Մադլեն Մունը:
ՆԱՏՕ ԽՎ հաջորդ նստաշրջանը տեղի կունենա Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: