Տպել
18.10.2019
Քննարկվել է բարձր եւ գերազանց առաջադիմությամբ սովորողների համար կրթաթոշակների բարձրացմանն առնչվող նախաձեռնությունը
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ բակալավրիատում եւ մագիստրատուրայում կրթաթոշակների չափը 20 տարի է՝ 1999 թ. առ այսօր, չի փոխվել: Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ կրթության քաջալերման գործընթացում էական նշանակություն ունի նաեւ ֆինանսական խրախուսումը, ինչն արտահայտվում է պետության կողմից տրամադրվող կրթաթոշակների պարբերաբար վերանայման տեսքով:

Հեղինակն առաջարկում է պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 դրամ:

Կառավարության բացասական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Նա անհասկանալի է համարել նախաձեռնության նպատակը: Ըստ փոխնախարարի՝ կրթաթոշակի ավելացումը ճիշտ ճանապարհ չէ բարձրացնելու ուսանողների՝ լավ սովորելու մոտիվացիան:

Նախագիծն ստացել է բացասական եզրակացություն:

Որոշվել է հանձնաժողովին կից գործող Մշակույթի, սպորտի, սփյուռքի, հայրենադարձության եւ երիտասարդության ենթահանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարատեսակ մշակութային միջոցառումների՝ տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրներով՝ փորձելով դրանց տալով օրենսդրական լուծում: