Տպել
15.10.2019
Քննարկվել են հայ-կանադական գործակցությանն առնչվող մի շարք հարցեր
1 / 8

ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը եւ խմբի անդամները հոկտեմբերի 15-ին հանդիպել են Օնտարիոյի, Քվեբեկի նահանգային խորհրդարանների եւ Տորոնտոյի  ու Մոնրեալի քաղաքապետական խորհուրդների անդամների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Մեսրոպյանը, Տորոնտոյի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մաթոսյանը եւ Քվեբեքի Հայ Դատի հանձնախմբի անդամ Աբրահամ Նիզիպլյանը:

Քննարկվել են հայ-կանադական գործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կանադական փորձին, երկկողմ հարաբերություններում կանադահայ համայնքի դերին եւ դեռեւս ամբողջությամբ չգործարկված ներուժին: 
  
Զրուցակիցները նաեւ խոսել են կանադական խորհրդարանական կառավարման համակարգի՝ Հայաստանում կիրառելի լավագույն տարրերը ուսումնասիրելու անհրաժեշտության մասին:

Արման Եղոյանը երախտագիտություն է հայտնել գործընկերներին՝ Հայոց ցեղասպանությունը Կանադայում պաշտոնապես ճանաչելու եւ ցեղասպանությունների ճանաչման ու կանխարգելման գործում հետեւողական լինելու համար: Այս համատեքստում նա կարեւորել է ներկայում Սիրիայի դեմ սանձազերծված թուրքական հարձակմանը համարժեք միջազգային գնահատականն ու գործողությունները: