Տպել
15.10.2019
Քննարկվել են ռազմական դրության իրավական ռեժիմին եւ աշխատանքային օրենսդրությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը: Փոփոխությունները պայմանավորված են աշխատավարձերի վճարման գործընթացի համակարգված ու արդյունավետ իրականացմամբ: Հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանը, անդրադառնալով քննարկումների ընթացքում հնչած մտահոգություններին, նշել է, որ մարզերում դեռեւս զարգացած չեն ենթակառուցվածքները, անկանխիկ վճարումների մշակույթը, ուստիեւ կարող են առաջանալ որոշ խնդիրներ: Նախագծի հեղինակն առաջարկել է 192-րդ հոդվածի երկրորդ մասում կատարել լրացում, ըստ որի՝ Երեւան քաղաքում գործունեություն ծավալող 10 եւ ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կկատարի անկանխիկ եղանակով:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկել է Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանի ներկայացմամբ՝ փոփոխությունները բխում են ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման եւ առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Ըստ բանախոսի՝ անկախության տարիներին առողջության առաջնային պահպանման օղակի կառավարման լիազորությունները պատվիրակվել են տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Փոխնախարարի խոսքով՝ առողջապահության նախարարության ենթակայության ներքո գործում են միայն  հիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող 17 կազմակերպություն եւ առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող 1 հաստատություն, ինչը խաղաղ պայմաններում արդարացված է, սակայն Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում կառաջանան համակարգի միասնական կառավարման դժվարություններ: Նախաձեռնությամբ փորձ է արվում լրացնել օրենսդրական բացը: Լեւոն Հակոբյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Քննարկված նախագծերն ստացել են դրական եզրակացություն:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: