Տպել
15.10.2019
Քննարկվել է 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին քննարկել է 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անվանական համախառն ներքին արդյունքը կազմել է 2 տրիլիոն 724 միլիարդ դրամ, որը 10 տոկոսով ավելին է, քան 2018 թ.-ի առաջին կիսամյակում: Նախարարի խոսքով՝ ներկայացված ցուցանիշը կանխորոշում է այն եկամուտները, որոնք հնարավոր է օգտագործել հայտարարված ծրագրերի ֆինանսավորման համար: Նշվել է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է 758.5 միլիարդ դրամ եկամուտ, որից 752 միլիարդ դրամը ներքին աղբյուրներից ստացված եկամուտներն են, դրանում տեսակարար կշիռ են ունեցել հարկային եկամուտները՝ կազմելով 713 միլիարդ դրամ:

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ առաջին կիսամյակում հարկային եկամուտների կատարման ցուցանիշը ծրագրված համամասնությունների համեմատությամբ 55.3 միլիարդ դրամով ավելի է: Կատարողականը կամ ծրագրի շեղումը պայմանավորված է վիճակագրության փոփոխությամբ, ուստի առաջիկայում ճշգրտումներ կիրականացվեն եռամսյակային համամասնությունների կազմման գործընթացում: Պաշտոնական դրամաշնորհներից մուտքերը կազմել են 6.7 միլիարդ դրամ:

Զեկուցողն անդրադարձել է նաեւ նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսային հատվածում առկա ցածր կատարողականին:

Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել են հանձնաժողովի նախագահի եւ անդամների հարցերին: