Տպել
11.10.2019
«Կանանց քվոտան Ընտրական օրենսգրքում պետք է հասցնել 40 տոկոսի». Լենա Նազարյան
1 / 12

Հոկտեմբերի 11-ին  Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, կարեւորելով նմանատիպ միջոցառումները, նշել է, որ քննարկումներ է նախաձեռնել թե՛ Կառավարությունում եւ թե՛ ԱԺ-ում` կանանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով օրենսդրական մեխանիզմներ ստեղծելու հարցում: Ըստ նրա՝ կանանց քվոտան Ընտրական օրենսգրքում պետք է հասցնել 40 տոկոսի: «Ներկայում, ԸՕ-ում մի սեռի ներկայացվածությունը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Առաջարկում եմ, որ այն չգերազանցի 60 տոկոսը, այսինքն՝ կանանց քվոտան հասցնենք 40 տոկոսի»,- նշել է Լենա Նազարյանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այն հասարակությունները, որտեղ կանայք ներգրավված են քաղաքականության մեջ ավելի հաջողակ են, քան մյուսները:

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը հիշեցնելով, որ hոկտեմբերի 11-ն աղջիկ երեխաների միջազգային օրն է, նշել է. «Ցավոք, XXI դարում ունենք ՄԱԿ-ի միջազգային օր՝ նվիրված աղջիկներին, եւ Հայաստանում կանանց իրավունքների պահպանման խնդիրներ կան»:

Պատգամավորը տեղեկացրել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները պետք է անցկացվեն խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ այդ համատեքստում նշել, որ հոկտեմբերի 18-ին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենսդրական փաթեթը:

Ներկայացվել են նաեւ միջազգային չափանիշները: Մասնակիցներն անդրադարձել են ներկուսակցական եւ ընտրական քվոտաներին, հանրային ֆինանսավորմանը վերաբերող հարցերին: Անդրադարձ է կատարվել խրախուսման եւ պատժամիջոցների գործիքներին, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության կարգավորումներին, որոնք ուղղված են կուսակցական կառույցներում եւ ընտրված մարմիններում կանանց ներկայացվածության  բարձրացմանը:

Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) եւ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից: