Տպել
10.10.2019
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները
1 / 3

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 10-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 4-6-ը Մարոկկոյի Մարակեշ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի աշխատանքներից:

Բանախոսի հավաստմամբ՝ առաջին անգամ Վեհաժողովի աշխատանքները կազմակերպվել են Աֆրիկյան երկրում՝ «Միջերկրածովյան  ֆորում»  խորագրով:

Հայկական կողմն ակտիվ մասնակցություն է ունեցել տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ քննարկումներին: Շեշտադրվել է տնտեսության ներառականության կարեւորությունը, իսկ տնտեսական հարաբերություններում` խտրականության բացառումը: Կարեւորվել է հակամարտության գոտիներում տնտեսական գործունեություն ծավալողների նկատմամբ հատուկ վերաբերմունքը: Նշվել է նաեւ, որ այդ գոտիներում բնակվողները նույնպես պետք է օգտվեն ԵԱՀԿ տարածաշրջանում առկա մարդու հիմնարար իրավունքներից:

Քննարկվել են բնապահպանական մարտահրավերներին առնչվող հարցեր: Տեղի է ունեցել Մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում եղել են քաղաքական ելույթներ: Ադրբեջանական պատվիրակության անդամները հերթական անգամ փորձ են արել ԼՂ  հիմնախնդիրը ներկայացնել աղավաղված ձեւով՝ պնդելով, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է:

Հայկ Կոնջորյանը պատասխան ելույթում հանգամանալի ներկայացրել է հիմնախնդիրը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել հարեւան պետության կազմում, եւ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Աշխատանքների վերջին օրը տեղի են ունեցել քննարկումներ՝ ԵԱՀԿ տարածաշրջանում խտրականության եւ անհանդուրժողականության վերաբերյալ: Հայկական կողմը դատապարտել է կրոնին առնչվող անհանդուրժողականությունը:

Կայացել են նաեւ մի շարք հանդիպումներ ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ:

ԱԺ պատվիրակության ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի  հետ քննարկել են մի շարք հարցեր՝ այդ թվում կառույցի ղեկավարի՝ առաջիկայում Երեւան կատարվելիք այցի վերաբերյալ:


19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...