National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
04.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում
1 / 1

«Հարգելի գործընկերներ, այսօր ես խոսելու եմ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին: Ինչո՞ւ, որովհետեւ Արցախում տեղի ունեցած ընտրությունները բացառիկ էին իրենց օրինականությամբ եւ ժողովրդավարությամբ: Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդ որում՝ բոլոր համայնքներում միաժամանակ եւ՛ համայնքի ղեկավարի եւ՛ ավագանու անդամների ընտրություններ:

Ընտրություններին մասնակցող դիտորդների գնահատականը հստակ էր՝ ԵԽ անդամ մի շարք երկրներ կան, որտեղ երազել անգամ չեն կարող նման ժողովրդավար, բաց եւ մրցակցային ընտրություն անցկացնելու մասին: Եւ կուզենայի հատուկ ընդգծել, որ ընտրված համայնքապետերից 16-ը կին է, ինչը դեռեւս մեծ թիվ չէ, սակայն ակնհայտ է, որ Արցախում կանայք սկսել են շատ ավելի ակտիվ ներգրավվել համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Հարգելի գործընկերներ, իր անկախությունը հաստատելուց հետո Արցախում տեղի են ունեցել համապետական եւ տեղական ինքնակառավարման բազմաթիվ ընտրություններ, որոնք ապացուցել են Արցախի ժողովրդի՝ իրենց երկրի ժողովրդավարական զարգացման եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Ես կրկին ստիպված եմ օգտագործել Մարդու իրավունքների հռչակագրի լեզուն եւ բոլորիս հիշեցնել, որ որեւէ անձ՝ անկախ իր բնակության վայրի կամ երկրի քաղաքական, իրավական կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել: Ես շատ կուզենայի, որ մեր կառույցն այդ լեզվից չշեղվեր եւ գնահատեր Արցախում տեղի ունեցած արդար եւ մրցակցային ընտրությունները: Եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ, չլինելով ԵԽ անդամ, Արցախը կամավոր ստանձնել եւ իրականացնում է ԵԽ մի շարք պարտավորություններ՝ միակողմանի միանալով մեր կառույցի բազմաթիվ կոնվենցիաների, իր օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին, որոնք մեր կառույցը դնում է իր լեգիտիմ անդամների առաջ:

Ինչո՞ւ եմ այսօր խոսում այս ամենի մասին: Որովհետեւ, եւս մեկ անգամ ուզում եմ, որ մեր կառույցն ինքն իրեն տա պարզ մեկ հարց՝ եթե անգամ Արցախի միջազգային կարգավիճակի վերաբերյալ կա վեճ, արդյո՞ք Եվրոպայի խորհրդի համար կա վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու եւ մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ: Վստահ եմ՝ չկա: Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները: Որովհետեւ դրանից շահելու է մարդը: Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ եւ կարգավիճակ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS