Տպել
03.10.2019
Խորհրդարանը քննարկել է «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը
1 / 12

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Պատգամավորները ողջունել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Լիտվայի Հանրապետության Սեյմասի նախագահ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը:

Այնուհետեւ քննարկվել է պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանի՝ առաջարկվում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական եւ կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաեւ գործառնական ծախսերը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Ըստ նրա՝ հարկային արտոնությունների տրամադրումը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ գործադրի մտահոգությունները՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխությունները չեն բխում Կառավարության հայտարարած քաղաքականության ուղղություններից: Փոխնախարարն առաջարկել է հավանության չարժանացնել նախագիծը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝  պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանի ներկայացմամբ՝ պատգամավորները քննարկել են հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը: Առաջարկվել է հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 18:

«Իմ քայլը» խմբակացության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը միանում է նախաձեռնությանը եւ ունի մեկ առաջարկ: Լիլիթ Մակունցի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի կազմում 18 անձ ներառելը շատ է, ուստի խմբակցությունն առաջարկել է 18-ը փոխարինել 11-ով:

Եզրափակիչ ելույթում Սերգեյ Բագրատյանն ընդունելի է համարել Լիլիթ Մակունցի առաջարկը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում են բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու եւ ստանալու հետ կապված հարցերը:  Նշվել է, որ  նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են հոսպիտալներում, առողջարաններում եւ զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը՝ վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից: Նախատեսվում է, որ լիազորագրերը կվավերացվեն կամ կհաստատվեն անվճար:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել:

Պատգամավորները նաեւ քննարկել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ որոշման նախագիծը վերաբերում է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը՝ էական կարգապահական խախտման հիմքով: Զեկուցողի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը երբեւիցե չի պնդել եւ այժմ էլ չի պնդում, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցումը գտնվում է ԱԺ լիազորության տիրույթում: Նշվել է, որ խորհրդարանի տիրույթում են հարցը ՍԴ առջեւ բարձրացնելը եւ դիմումով դիմելը: Իսկ որոշումը կայացվում է ՍԴ-ի կողմից: Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու իրավական հիմքերին: Նա նշել է, որ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա կատարել է էական կարգապահական խախտում:

Խմբակցության կարծիքով՝ ԱԺ-ի եւ «Իմ քայլը» խմբակցության կողմից որոշման նախագծի՝ շրջանառության մեջ դնելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ առկա է եղել Հրայր Թովմասյանի ՍԴԱՈ59 աշխատակարգային որոշման հիման վրա քննության ընդունված գործի մասնակցության անհնարինության հիմքեր: Բանախոսը խոսել է այն հիմքերի մասին, որոնք թույլ են տալիս պնդելու, որ Հրայր Թովմասյանի կողմից թույլ է տրվել էական կարգապահական խախտում: Անդրադարձ է եղել նաեւ Հրայր Թովմասյանի՝ վերոնշյալ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերին:
 

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

«Լուսավոր Հայաստան»  խմբակցության անունից  Տարոն  Սիմոնյանը   փաստել է,  որ  իր ներկայացրած քաղաքական  ուժը  դեմ է բոլոր այն  որոշումներին, հռչակումներին որոնք  դեմ են օրենքի, իրավունքի ոգուն եւ տառին: «Դիրքորոշումը որով կողմ ենք քվեարկում իշխող խմբակցության ներկայացրած նախագծին՝ հիմնավորված է այն  պատճառաբանությամբ, որ մենք հարգում ենք կասկած ունենալու ձեր իրավունքը»,- նշել է Տարոն Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում  ՍԴ  որեւէ դատավաորի կողմից կարգապահական  որեւէ  խախտման պարագայում քաղաքական մեծամասնությունը նույն ջանասիրությամբ կսկսի նույն իրավական գործընթացները:  Նա տեղեկացրել է, որ խմբակցութունը կողմ  է նախագծին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության   դիրքորոշումը ներակայացրել   է  խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:  Պատգամավորը   եւս մեկ անգամ նշել է իրենց քաղաքական ուժի քվեարկությանը չմասնակցելու պատճառը՝ փաստելով, որ փաստաթուղթը թերի է  իրավական հիմնավորումների տեսանկյունից:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով նախագծի վերաբերյալ, նշել է, որ խմբակցության ներկայացրած նախագիծն օրինական է, ինչի մասին նշվել է նաեւ մամուլում: Նա ընդգծել է, որ այն միտված է դատաիրավական համակարգի ընդհանուր բարեփոխումներին, դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը, ամրացմանը եւ դատարանների ու դատավորների դերի բարձրացմանը:

Ողջունելով «Իմ քայլը»  խմբակցության` զուսպ ու հավասարակշիռ ձեւակերպումներով լի նախաձեռնությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթում իր   մոտեցումներն է ներկայացրել որպես պատգամավոր եւ քաղաքական գործիչ: «Երբեք «ջայլամությունն» ու «փարիսեցիությունը» լավ կետի չեն հանգեցնում, եթե ուզում ենք հիմնարար հարցերի լուծում ունենալ. ուղղախոսությունն է միակ ճանապարհը: Երկու տասնամյակից ավելի ՀՀ-ում զանգվածաբար ապօրինի ազդեցություններ են գործադրվել ընտրական գործընթացների նկատմամբ: Դրա վերաբերյալ կա լայն հանրային ընկալում եւ համաձայնություն: Ընտրությունների արդյունքում ձեւավորված համակարգում, ըստ էության, թալանվել, մսխվել են հանրային միջոցները, բյուջեն: Ու, եթե նույնիսկ պարզվի, որ այս կասկածներն անհիմն էին, միեւնույն է, կար հանրային անվստահություն: Եթե կազմեինք այդ ռեժիմի փաստաբանների թոփ հնգյակը, վստահ եմ՝ Հրայր Թովմասյանը լինելու էր նրանցից մեկը: Արդյո՞ք սա բավարար է, որպեսզի Հրայր Թովմասյանը չլինի ՍԴ նախագահ: Քաղաքական բարոյական առումով գուցե՝ այո, գործող իրավական կարգավորումների պայմաններում, թերեւս՝ ոչ: Այստեղ կար հստակ քաղաքական մոտիվացիա եւ հետեւաբար Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ»,-  նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ազգային ժողովը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 4-ին եւ կկայանա վերոնշյալ որոշման նախագծի քվեարկությունը:

 


18.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտ...

18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: ՀՀ ԱԺ փոխնախ...

18.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 22-ին, ժամը՝ 13:00-ին, 314 սրահում: Ապրիլի 22-ին` ժամը 10:00-ին, եւ ապրիլի 26-ին` ժամը 12:00-ին, 314 դահլիճում կկայանան Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը: ...

18.04.2024
Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյան...