Տպել
03.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի՝ «Ահաբեկչության զոհերին պաշտպանելու եւ աջակցելու մասին» զեկույցը ԵԽԽՎ-ում

«Հարգելի՛ նախագահող, նախ եւ առաջ ցանկանում եմ կարեւորել տիկին Մարիետտա Կարամանլիի ջանքերն այս զեկույցը կազմելու համար: Ահաբեկչության զոհի պաշտպանությունը, ինչպես նաեւ աշխարհի ցանկացած մասում դրա դեմ պայքարը իսկապես շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավերներից մեկը բոլոր պետությունների համար:

Զեկույցը ծայրաստիճան արժեքավոր է երկու պատճառով. նախ` զեկույցը փորձում է սահմանել զոհի կարգավիճակը, իսկ հետո՝ տրամադրել կոնկրետ օգնություն:

Ահաբեկչությունը՝ որպես մեր օրերում առավել տարածում գտած երեւույթ (չնայած նախկինում նույնպես տեղի են ունեցել այդպիսի անմարդկային գործողություններ), բարդ հետեւանքներ է ունենում: Տուժողի սահմանումը կարող է անմիջապես տուժած անձից տարածվել նաեւ նրա համայնքի վրա, որը թիրախավորվել է՝ որպես ահաբեկչության արդյունք: Ավելին, զեկուցողը իրավացիորեն ընդգծել է, որ ահաբեկչական գործողություններից տուժածներին անհրաժեշտ է հատուկ ֆիզիկական, նյութական եւ հոգեբանական աջակցություն:

Անհրաժեշտ եմ համարում կրկին շեշտել, որ պետք է համընդհանուր ջանքեր գործադրվեն ահաբեկչությունից տուժածներին պաշտպանելու համար: Մենք պետք է հասուն լինենք այս հարցում: Ցավոք սրտի, մեր ադրբեջանցի գործընկերներ տիկին Ֆատալուեւան եւ տիկին Գաֆարովան, չնայած իրենց «հարաբերական» երկար փորձին այս կառույցում, չեն դադարում էժանագին մանիպուլացիաներ անել եւ հույս չկա, որ այս ստերը չեն տարածվի: Այն երիտասարդը, որ նկարում էր այս ստահոդ տեսանյութերը, միայն այդ նպատակը ուներ, մյուս գրանցված ադրբեջանցի գործընկերները նույնպես այդ մոտեցումն են ցույց տալու:

Քանի որ խոսքը գնաց ահաբեկչությունից, դժվար է չհիշել այն, որ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին, ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն իրագործելու ժամանակ: Հետո, ձեր սիրելի նախագահը նրան տվեց մայորի կոչում ու բնակարան: Երբ պետությունն է դառնում ահաբեկչության հովանավոր, սա ուղղակի տխուր երեւույթ է:

Ես հիշեցնում եմ, որ պատերազմը հաճախ օգտագործվում է՝ որպես ծխածածկույթ ահաբեկչական գործողությունները կոծկելու համար: Դժբախտաբար, սա այն դեպքն էր, երբ 2016-ին Ադրբեջանը ագրեսիայի ենթարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ այս անօրինական ռազմական գործողության ընթացքում ԼՂՀ խաղաղ բնակիչներ կտտանքների եւ խոշտանգման ենթարկվեցին, որը չուներ ոչ մի ռազմական նպատակ:

Մենք պետք է բարելավենք համապատասխան կոնվենցիան, որը կպաշտպանի ահաբեկչություններից տուժածներին: Այս զեկույցում արդեն դրված են որոշ կարեւոր սահմանումներ, ինչպես նաեւ քաղաքականության առաջարկություններ:

Եվ վերջապես, ես ցանկանում եմ ողջունել զեկուցողի մոտեցումը եւ շրջահայացությունը: Այն իրավացիորեն ցույց է տալիս, որ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը չի հակասում ահաբեկչության դեմ պայքարի՝ պետությունների վճռականությանը»:

Տեսաելույթը՝ այստեղ :