Տպել
03.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, նախ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցողին՝ այս զեկույցի համար: Ահաբեկչությունը մեծագույն սպառնալիքներից է խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների իրացմանն ու սոցիալական եւ տնտեսական զարգացմանը: Ցավոք, մեր օրերում ականատես ենք լինում ահաբեկչական նորանոր դեպքերի, որի հետեւանքով կործանվում են բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր: Իրականում, եթե խնդիրները մեզ վրա ուղղակի ազդեցություն չեն ունենում, դա դեռ չի նշանակում, որ մեզանից որեւէ մեկը ապահովագրված է նման սարսափելի երեւույթներից:

Մինչ օրս ահաբեկչության զոհերը շարունակում են պայքարել, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի, իրենց պահանջները բավարարված եւ իրենց իրավունքները՝ պաշտպանված: Տուժածները, սովորաբար, իրենց զգում են մոռացված եւ մերժված՝ ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո, որը կարող է հիմնավոր հետեւանքներ ունենալ նրանց համար: Տուժածները կարող են վերականգնվել եւ առերեսվել սեփական տրավմայի հետ բազմակողմ աջակցության դեպքում միայն, որը ներառում է ֆիզիկական, հոգեբանական, բարոյական, սոցիալական եւ ֆինանսական սատարում, որպեսզի տուժածները կարողանան վերականգնել իրենց արժանապատվությունը:

Մենք ականատես ենք լինում ահաբեկչական ակտերի՝ հատկապես պատերազմի ժամանակ: Սիրիան դրա ակնհայտ օրինակն է: Միեւնույն ժամանակ, ինչպես արդեն նշեցին իմ հայ գործընկերները, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ մենք ականատես եղանք ադրբեջանական բանակի կողմից ակնհայտ եւ արձանագրված ահաբեկչական ակտերի: Քաղաքացիները չպետք է եւ չեն կարող դառնալ թիրախ անգամ պատերազմական դաժան իրավիճակում, սակայն դա դեռ տեղի է ունենում: Թեեւ համաձայն Ժնեւյան կոնվենցիաների՝ ահաբեկչությունն ու խաղաղ բնակչության դեմ բռնությունն արգելված է անգամ պատերազմի ժամանակ:

Մենք չենք կարող անտարբեր լինել նման դեպքերի հանդեպ, դրանք պետք է խստորեն քննադատվեն մեր կողմից եւ անհրաժեշտ կանխարգելիչ մեթոդներ պետք է ձեռնարկվեն: Ահա թե ինչու այս զեկույցը շատ կարեւոր է:

Ամփոփելով կցանկանայի պատասխանել ադրբեջանցի գործընկերներին՝ կեղծելով պատմությունը դուք չեք կարող փոխել իրականությունը, եւ իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատկանում է մարդկանց, որոնք միշտ ապրել եւ ապրելու են այդ հողի վրա, որին պատկանում են եւ որտեղ ապրել են նրանց նախնիները հին ժամանակներից: Այդ մարդիկ արդեն բազմիցս ապացուցել են, որ իրենք ի զորու են պաշտպանելու իրենց անվտանգությունն ու ապրելու իրավունքը՝ ադրբեջանական ագրեսիայից բոլոր հնարավոր մեթոդներով»: