National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
02.10.2019
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 10

Խորհրդարանը հոկտեմբերի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընդունվել են ստացված առաջարկների մեծ մասը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընդունվել են գործադրի ներկայացրած խմբագրական բնույթի առաջարկները:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանի՝ հեղինակներն առաջարկել էին  նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 63.000 դրամ, սակայն հանձնաժողովում քննարկման ժամանակ Կառավարությունն առաջարկել է այն սահմանել 68.000 դրամ, որն ընդունվել է:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Ելույթներում պատգամավորներն ընդգծել են նախագծի կարեւորությունը, անդրադադարձել կենսաապահովման նվազագույն զամբյուղի, նվազագույն աշխատավարձի չափի հստակեցման մեթոդաբանությանը, վերահսկողության մեխանիզմներին: 
  
Բաբկեն Թունյանը, ներկայացնելով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը, տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ բուռն քննարկումներ են եղել, հաշվի են առնվել սոցիալական ու տնտեսական գործոնները: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը: 
  
Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է հարցի տնտեսական եւ սոցիալական գործոններին, վարքագծային տնտեսության տեսությանը, դասագրքային սահմանումներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պետք է համարձակ մոտենալ հարցին, կողմ քվեարկել եւ բարձրացնել նվազագույն աշխատավարձը: 
  
Եզրափակիչ ելույթում Արման Ուդումյանն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին, մտահոգություններին: Նա եւս նշել է, որ աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ պետք է ընդլայնել հարկային, աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմինների լիազորությունների շրջանակը: Բանախոսը տեղեկացրել է, որ նախագծի մշակման ընթացքում առաջին անգամ կիրառվել է սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի հաշվարկման նորարական մեթոդաբանությունը: Նա եւս առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: 
  
Հարակից զեկուցող առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը փաստել է, որ նախագիծն ընդունելուց հետո Հայաստանում աշխատող որեւէ անձ նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ չի ստանալու: 
  
Եզրափակիչ ելույթում Վարազդատ Կարապետյանը նշել է, որ նախագծի ընդունումը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի գաղափարները կյանքի կոչելու եւս մեկ քայլ է: 
  
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 
  
Այնուհետեւ ԱԺ քննարկել է պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը»: Նրա կարծիքով՝ կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է գայթակղիչ տարածք ունենալու պատճառով: Ըստ բանախոսի՝ կենտրոնն իր բնույթով միակն է ՀՀ-ում եւ պետք է գործի պետական համակարգում: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: 
  
Պատգամավորների հարցերը վերաբերել են բժշկական հիմնարկի գործունեությանը, ծավալած աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 
  
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ ներկայացված հիմնավորումները բավականին համոզիչ են, եւ հաստատությունը պետության համար բեռ չի հանդիսանում: 
  
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է Կառավարության բացասական դիրքորոշումը: Նախարարության կարծիքով՝ մասնագիտական զարգացում ապահովելու համար պետք չէ մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ընկերությունը: Փոխնախարարը կոչ է արել դեմ քվեարկելէ՝ դեռեւս թերի եւ ոչ լիարժեք նախաձեռնությանը:

Նախաձեռնության վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արման Աբովյանը: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում շատ չեն նեղ մասնագիտական բժշկական կենտրոնները եւ եթե խոսվում է դրանք մասնավորեցնելու մասին, ապա հանձնաժողովին պետք է ներկայացվեր մասնավորեցման արդյունքում ներդրումային այն ծրագիրը, որից ՀՀ քաղաքացին օգուտ կստանար:

Ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ հաշվի առնելով հարցի վերաբերյալ հնչած տեսակետների տարբերությունը՝ ազատական եւ սոցիալ-դեմոկրատական մոտեցումները՝ իրենք քվեարկելու են ազատ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Առաջարկվում է սահմանափակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշվիներում առկա եւ հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումն անհրաժեշտ ուղղություններով: Փաթեթի ընդունմամբ կապահովվի հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման եւ մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ապահովումը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության ընդունումն ավելացնելու է հանրային վստահությունը ծախսվող միջոցների նկատմամբ: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հաշվապահական հաշվառման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որով   սահմանվում են հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորվում են հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի  անդամ Եղիշե Սողոմոնյանը:
 
Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 3-ին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


02.10.2019
Դպրոցականներն ու մանկավարժները ծանոթացել են խորհրդարանական առօրյային
Հոկտեմբերի 2-ին  խորհրդարան են այցելել «Փոքրիկ իշխան»  կրթահամալիրի աշակերտներն ու մանկավարժները: Նրանք հետեւել են ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին, շրջել շենքում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին: «Բաց դասն» անցկացրել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Աշակերտների հարցերը վերաբերե...

02.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում
«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, մենք բոլորս շատ լավ գիտենք, որ օմբուդսմենի գրասենյակը հսկայական եւ կարեւոր դեր է խաղում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության եւ երաշխավորման, այլ նաեւ կարծրատիպերը կոտրելու եւ հասարակական մտածելակերպը փոխելու հարցում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS