Տպել
02.10.2019
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 10

Խորհրդարանը հոկտեմբերի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընդունվել են ստացված առաջարկների մեծ մասը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Նա տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընդունվել են գործադրի ներկայացրած խմբագրական բնույթի առաջարկները:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանի՝ հեղինակներն առաջարկել էին  նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 63.000 դրամ, սակայն հանձնաժողովում քննարկման ժամանակ Կառավարությունն առաջարկել է այն սահմանել 68.000 դրամ, որն ընդունվել է:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Ելույթներում պատգամավորներն ընդգծել են նախագծի կարեւորությունը, անդրադադարձել կենսաապահովման նվազագույն զամբյուղի, նվազագույն աշխատավարձի չափի հստակեցման մեթոդաբանությանը, վերահսկողության մեխանիզմներին: 
  
Բաբկեն Թունյանը, ներկայացնելով ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը, տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ բուռն քննարկումներ են եղել, հաշվի են առնվել սոցիալական ու տնտեսական գործոնները: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը: 
  
Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է հարցի տնտեսական եւ սոցիալական գործոններին, վարքագծային տնտեսության տեսությանը, դասագրքային սահմանումներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ պետք է համարձակ մոտենալ հարցին, կողմ քվեարկել եւ բարձրացնել նվազագույն աշխատավարձը: 
  
Եզրափակիչ ելույթում Արման Ուդումյանն անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին, մտահոգություններին: Նա եւս նշել է, որ աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ պետք է ընդլայնել հարկային, աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմինների լիազորությունների շրջանակը: Բանախոսը տեղեկացրել է, որ նախագծի մշակման ընթացքում առաջին անգամ կիրառվել է սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի հաշվարկման նորարական մեթոդաբանությունը: Նա եւս առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: 
  
Հարակից զեկուցող առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը փաստել է, որ նախագիծն ընդունելուց հետո Հայաստանում աշխատող որեւէ անձ նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ չի ստանալու: 
  
Եզրափակիչ ելույթում Վարազդատ Կարապետյանը նշել է, որ նախագծի ընդունումը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի գաղափարները կյանքի կոչելու եւս մեկ քայլ է: 
  
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 
  
Այնուհետեւ ԱԺ քննարկել է պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը»: Նրա կարծիքով՝ կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է գայթակղիչ տարածք ունենալու պատճառով: Ըստ բանախոսի՝ կենտրոնն իր բնույթով միակն է ՀՀ-ում եւ պետք է գործի պետական համակարգում: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: 
  
Պատգամավորների հարցերը վերաբերել են բժշկական հիմնարկի գործունեությանը, ծավալած աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 
  
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ ներկայացված հիմնավորումները բավականին համոզիչ են, եւ հաստատությունը պետության համար բեռ չի հանդիսանում: 
  
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է Կառավարության բացասական դիրքորոշումը: Նախարարության կարծիքով՝ մասնագիտական զարգացում ապահովելու համար պետք չէ մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ընկերությունը: Փոխնախարարը կոչ է արել դեմ քվեարկելէ՝ դեռեւս թերի եւ ոչ լիարժեք նախաձեռնությանը:

Նախաձեռնության վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արման Աբովյանը: Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում շատ չեն նեղ մասնագիտական բժշկական կենտրոնները եւ եթե խոսվում է դրանք մասնավորեցնելու մասին, ապա հանձնաժողովին պետք է ներկայացվեր մասնավորեցման արդյունքում ներդրումային այն ծրագիրը, որից ՀՀ քաղաքացին օգուտ կստանար:

Ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ հաշվի առնելով հարցի վերաբերյալ հնչած տեսակետների տարբերությունը՝ ազատական եւ սոցիալ-դեմոկրատական մոտեցումները՝ իրենք քվեարկելու են ազատ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Առաջարկվում է սահմանափակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշվիներում առկա եւ հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումն անհրաժեշտ ուղղություններով: Փաթեթի ընդունմամբ կապահովվի հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման եւ մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ապահովումը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Ըստ նրա՝ նախաձեռնության ընդունումն ավելացնելու է հանրային վստահությունը ծախսվող միջոցների նկատմամբ: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հաշվապահական հաշվառման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որով   սահմանվում են հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորվում են հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի  անդամ Եղիշե Սողոմոնյանը:
 
Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 3-ին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


28.03.2024
Հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի 2023 թ. աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել ու ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդությ...

28.03.2024
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականը
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել  Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի` համապատասխան ոլորտներին վերաբերող մասերը: ՀՀ աշխատ...

28.03.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հ...

28.03.2024
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հան...

28.03.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

28.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին
ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միացյալ հանձնաժողովների նիստերին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ...

28.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը. մաս` առաջին, մաս` երկրորդ: ...

28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...