Տպել
01.10.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կազմակերպել է աննախադեպ միջոցառում՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ
1 / 2

Սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է աննախադեպ միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով:

Քննարկման հիմնական բանախոսներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը եւ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար Ռընե Ռուքեն:

Դահլիճը եղել է բազմամարդ, ներկա են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներ, ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներ, փորձագետներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր բացման խոսքում վկայակոչելով 2018 թվականին ընդունված ԵԽԽՎ «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ մուտքի վերաբերյալ» բանաձեւը՝ նշել է, որ այսպես կոչված «գորշ գոտիներում» ապրող մարդկանց իրավունքները քննարկման առարկա են այնպիսի հայտնի կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն եւ այլն: Նա իր խոսքում մասնավորապես շեշտել է. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացումը չպետք է կախված լինի այն տարածքի կարգավիճակից, որտեղ բնակվում են ժողովուրդները: Մարդու իրավունքներն իրենց բնույթով համընդհանուր են, եւ երբ խոսքը վերաբերում է դրանց պաշտպանությանը, մոնիթորինգին եւ գնահատմանը, չպետք է լինեն անտեսված տարածքներ եւ մոռացված մարդիկ»:

ԱԺ պատվիրակության ղեկավարն իր խոսքում նաեւ անդրադարձել է միջազգային հանրության դերակատարությանն այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության գործում՝ շեշտելով իրադրության ճիշտ եւ ժամանակին գնահատման եւ հակազդող միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Հանդիպման հաջորդ բանախոսը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ներկայացրել է դեռեւս միջազգային ճանաչում չստացած պետություններում մարդու իրավունքների՝ անտեսված լինելու պատճառները, իրական հետեւանքներն ու ազդեցությունը մարդկանց կյանքում: Նա շեշտել է, որ համապատասխան կազմակերպությունների, ինչպես նաեւ Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի մուտքը նման պետություններ պետք է լինի ազատ: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ԵԽ որոշ անդամ պետությունների շարժառիթները՝ միտված մոնիթորինգային մեխանիզմների մուտքն արգելափակելուն:

Ըստ բանախոսի՝ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա այս հարցում: Նա ընդգծել է, որ միջազգային ճանաչման բացակայությունը պետք է նվազագույն ազդեցություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության հարցում, այլապես միջազգային կազմակերպությունները չպետք է խոսեն մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ, հակառակ Ադրբեջանի կողմից տարվող մեկուսացման քաղաքականության՝ Արցախը ստանձնել է միջազգային պարտավորություններ` միակողմանիորեն միանալով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, ՄԱԿ-ի մի շարք միջազգային դաշնագրերին, ինչպես նաեւ Ժնեւյան կոնվենցիաներին: Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ անկախ միջազգային կարգավիճակից՝ Արցախի իշխանությունները եւ հասարակությունը շարունակելու են ամրապնդել արդեն իսկ գործող մեխանիզմները՝ ապահովելով Արցախում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը:

Իր հերթին ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Ռընե Ռուքեն խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացման քաղաքականության մասին եւ կոչ արել միջազգային հանրությանը գիտակցել մարդու իրավունքների առաջնայնությունը, այդ թվում՝ հիմնահարցերի խաղաղ կարգավորման համատեքստում:


18.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտ...

18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը: ՀՀ ԱԺ փոխնախ...

18.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 22-ին, ժամը՝ 13:00-ին, 314 սրահում: Ապրիլի 22-ին` ժամը 10:00-ին, եւ ապրիլի 26-ին` ժամը 12:00-ին, 314 դահլիճում կկայանան Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը: ...

18.04.2024
Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյան...