Տպել
01.10.2019
«Սպորտը մնում է այն յուրահատուկ ոլորտներից մեկը, որտեղ խտրականությունը տեղ չունի».պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ–ում
1 / 1

«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, ցանկանում եմ անդրադառնալ երկու կարեւոր հարցի, որոնք ընկած են Եվրոպայի Խորհրդի արժեհամակարգի հիմքում: Առաջինը՝ փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների հարցն է: Հավանաբար արդեն լսել եք, որ թալիշ հայտնի ակտիվիստ Ֆահրադդին Աբոսզոդան, որը ձերբակալված է Ադրբեջանում իր ծավալած գործունեության պատճառով, մի քանի օր առաջ հայտարարել է հացադուլ՝ ի նշան իր դեմ իրականացվող բռնության եւ հոգեբանական ճնշման: Թալիշները Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից են եւ փոքրամասնություն են այդ երկրում, ուստի կարծում եմ՝ մենք չենք կարող անտարբեր լինել այս հարցի վերաբերյալ եւ պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը ԵԽ անդամ երկրներում:

Երկրորդ կարեւոր հարցը, որին ցանկանում եմ անդրադառնալ վերաբերում է սպորտում ատելության կրկնվող դեպքերին: Անցած անգամ մենք փորձեցինք ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում դրսեւորվող ակնհայտ խտրական վերաբերմունքին՝ հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի եւ նրա երկրպագուների հանդեպ: Դա սպորտում ատելության ակնհայտ դրսեւորում էր: Ցավոք, ԵԽ քարտուղարությունը բավարարվեց միայն գրավոր հայտարարությամբ: Արդյունքում՝ սպորտում ատելության դեպքը կրկնվեց: Հայտնի ՀՀ շախմատի կանանց չեմպիոն Մարիա Գեւորգյանը չկարողացավ մասնակցել Թուրքիայում անցկացվող մրցումներին՝ ադրբեջանական պատվիրակության պահանջի պատճառով:

Ես ավելի քան վստահ եմ, որ թեեւ ԵԽ անդամ երկրների միջեւ առկա հակամարտություններին, տարաձայնություններին եւ բանավեճերին, այդուհանդերձ, սպորտն այն յուրահատուկ ոլորտներից մեկն է, որտեղ խտրականությունը տեղ չունի եւ նմանատիպ դեպքերը պետք է բարձրաձայնվեն ու կանխվեն անմիջապես: Եկե՛ք աչք չփակենք եւ ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր՝ սպորտում ատելության դեպքերը կանխելու համար»:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...