Տպել
27.09.2019
Քննարկվել են հարկային եւ գույքի մասնավորեցմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ին հրավիրած նիստում քննարկել է ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ օրինագծի նպատակն է նպաստել  ֆինանսական շուկայի, այդ թվում՝ արժեթղթերի շուկայի ակտիվացմանը, ինչը համահունչ է կառավարության ծրագրին:

Առաջարկվում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական եւ կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաեւ գործառնական ծախսերը:

Կառավարության եզրակացությունը դրական չէր: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հավաստմամբ՝ նախագիծը չի բխում համահարթ հարկման սկզբունքից:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել: Քննարկման արդյունքում  նախագիծն ստացել է դրական եզրակացություն՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած  «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  մասնավորեցման ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» եւ «Հայփոստ» ՓԲԸ-ները:

Նույն օրենքում նմանատիպ փոփոխություն է առաջարկում կատարել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նա առաջարկում է մասնավորեցման ծրագրի ցանկից հանել  «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն: Ըստ հեղինակի՝ ԲԿ-ն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես. մաշկավեներական հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 13 000 հիվանդ:  Նշվել է, որ կենտրոնը պետական հոգածության կարիք ունի:

Կառավարության տեսակետը բացասական էր: ՀՀ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանի հավաստմամբ՝ հիվանդանոցը հիմնովին պետք է վերակառուցվի եւ վերազինվի ժամանակակից սարքավորումներով, իսկ դրա համար անհրաժեշտ է մասնավորեցնել:

Քննարկման ընթացքում հնչել են կողմ եւ դեմ կարծիքներ? Արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած  «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարկային բնագավառի վերաբերյալ երկու օրինագծերի քննարկումները հետաձգվել են:

Մշտական հանձնաժողովի կազմում ստեղծվել է Տուրիզմի հարցերով աշխատանքային խումբ, որի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորներ բոլոր խմբակցություններից: 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...