Տպել
27.09.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրալիայի խորհրդարանականներին
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ավստրալիայի Դաշնային եւ Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Հյու ՄաքԴերմոթին եւ Թրենթ Ցիմերմանին:

Պատվիրակության այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի կողմից: Սա Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների առաջին այցն է Հայաստան: Ավստրալացի պատգամավորներին ուղեկցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը, Լուսինե Բադալյանը, Արսեն Միխայլովը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծ ակնկալիք ունի, որ Հայաստանի եւ Ավստրալիայի խորհրդարանների միջեւ համագործակցությունը հնարավոր կլինի շեշտակիորեն ավելացնել: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետեւում Ավստրալիայի խորհրդարանում ծավալվող գործունեությանը՝ ուղղված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, ինչպես նաեւ Արցախի հարցի արդարացի լուծմանը: «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ ուղղությամբ ձեր ջանքերը եւ երախտագիտություն ենք հայտնում»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների գործընթացին եւ բոլոր միջազգային գործընկերներից ակնկալում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին սատարող դիրքորոշում: 
  
Արարատ Միրզոյանը հյուրերին ուրախությամբ տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ավստրալիայում բացել դեսպանատուն: «Կարծում եմ, որ երբ այս ծրագիրն իրականանա, սա մեծ, կարեւոր պայման կլինի հարաբերությունների առավել զարգացման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հյուրերը կիսվել են Արցախ կատարած այցից տպավորություններով, մանրամասներ հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքներից եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու Արցախին:

Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ մեր հայրենիք եւ դրա փոքրիկ մաս՝ Արցախ կատարած  այցի համար, ինչպես նաեւ հայկական կազմակերպությանը՝ այցը կազմակերպելու եւ հյուրերին ուղեկցելու համար: Արման Բոշյանը շնորհավորել է Ջոն Ալեքսանդրին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհած «Վաչագան Բարեպաշտ» եւ Հյու ՄքԴերմոթին՝ «Երախտագիտության» պետական պարգեւների համար: Արման Բոշյանը նշել է, որ պատրաստվում են նոր հարթություն տեղափոխել միջխորհրդարանական համագործակցությունը ու համոզված է, որ այն ակտիվ է լինելու եւ ծառայելու է երկու երկրների շահերին:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...