Տպել
26.09.2019
Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Վրաստանում
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիի հրավերով սեպտեմբերի 24-27-ը գտնվում է Վրաստանում:

Սեպտեմբերի 25-ին հայ խորհրդարանականները հանդիպել են Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:

Ողջունելով ՀՀ Աժ պատվիրակությանը` Գիորգի Վոլսկին ընդգծել է վրաց-հայկական միջխորհրդարանական սերտ համագործակցությունը եւ այն Էլ ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Նա հանգամանալից ներկայացրել է Վրաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումները, անդրադարձ կատարել տարածաշրջանային եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի  շարք հարցերի:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ հանդիպումը շատ լավ առիթ է առավել զարգացնելու եւ խորացնելու առկա երկկողմ համագործակցությունը: Անդրադառնալով միջազգային հարթակներում հայ-վրացական համագործակցությանը` նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել Վրաստանի հետ` զերծ մնալով աշխարհաքաղաքական զարգացումներից: Լենա Նազարյանի խոսքով՝ Հայաստանը Վրաստանից ակնկալում է նույն դիրքորոշումը` պահպանել չեզոքություն Հայաստանի համար զգայուն հարցերում: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը տարածաշրջանում անվտանգության երաշխավորն է: 
  
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Լենա Նազարյանն ընդգծել է, որ Վրաստանից ակնկալվում է հավասարակշռված մոտեցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը համահունչ: Ի պատասխան` Գիորգի Վոլսկին նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ ոչինչ չի կարող խոչընդոտել այդ հարաբերություններին: 
  
Այցի շրջանակում հայ խորհրդարանականները հանդիպել են Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվթիսիաշվիլիի հետ: Կողմերն անդրադարձել են հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային, ինչպես նաեւ միջազգային հարթակներում համագործակցությանն ու զբոսաշրջությանը վերաբերվող հարցեր: 
  
  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլիի հետ: Վրացի գործընկերները ներկայացրել են շրջակա միջավայրի պահպանման, գյուղատնտեսական ոլորտներում իրականացվող ծրագրերը: 
  
  Նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի կայուն զարգացման եւ էկոնոմիկայի նախարարության ``Enterprise Georgia`` գրասենյակի տնօրեն Միխեիլ Խիդուրելիի, Վրաստանի ներքին գործերի համատեղ օպերատիվ բաժանմունքի ղեկավար Գիորգի Արսոշվիլիի, ինչպես նաեւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլիի հետ: