Տպել
24.09.2019
Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով
1 / 6

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը,   Սարգիս Խանդանյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Գեւորգ Գորգիսյանը, Հարություն Բաբայանն ու Արմեն Եղիազարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Ազգային ժողով այցելած Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում էին պատգամավորներ Թրենթ Ցիմերմանը, Թիմ Ուիլսոնը, Ջոն Ալեքսանդրը եւ Հյու Մաք-Դերմոթը:

Ավստրալացի պատգամավորները կարեւորել են խորհրդարանական կապերի առավել զարգացման անհրաժեշտությունը՝  նշելով, որ Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում գործում է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբ:

Նրանք տեղեկացրել են, որ տեղի հայ համայնքի գործունեության շնորհիվ Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր  ժողովն արձանագրել է, որ նահանգը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ն ամրագրում որպես Հայ զոհերի հիշատակի օր:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո:

Պատգամավորն անդրադարձել է դատական համակարգի, Սահմանադրական դատարանի բարեփոխումներին, տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը:

Հյուրերը ներկայացրել են Ավստրալիայի հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը՝ նշելով, թե ինչպես է հաջողվել հաղթահարել կոռուպցիան իրենց երկրում: Նրանք իրենց փորձով կիսվելու պատրաստակամություն են հայտնել:

Անուշ Բեղլոյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն օրենսդրական,  այլ նաեւ մտածելակերպի եւ հոգեբանության փոխոխություն է պահանջում: Այս տեսանկյունից նա կարեւորել է աշխատանքը կրթական համակարգում:

Պատգամավոր Սոս Ավետիսյանը  նշել է, որ պետք է ընդլայնվի Ավստրալիայի հետ համագործակցությունը միջխորհրդարանական կապերի խորացման հարցում, տնտեսական, գիտական եւ տեխնիկական բնագավառներում: Այս համատեքստում նա կարեւորել է այդ երկրում Հայաստանի դեսպանության բացումը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Պատգամավորն անհրաժեշտ է համարել զարգացնել բարիդրացիական հարաբերություններն Ավստրալիայի հետ՝ հաշվի առնելով նաեւ հայկական մեծ  սփյուռքի առկայությունը: